Տոկաև. Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը կավարտվի մոտ ապագայում, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը
«Հունվարի սկզբին Ղազախստանը լայնածավալ ճգնաժամ ապրեց, այն ամենածանրն էր երկրի անկախության 30 տարվա պատմության մեջ»,- հայտարարել է Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։
Նրա խոսքով, կազմակերպությունն ընդհանուր առմամբ չի բախվել նման մակարդակի իրական սպառնալիքի:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ փաստաթղթերը համաձայնեցնելու ուղղությամբ օպերատիվ աշխատանքի համար։ Ցանկանում եմ հատուկ երախտագիտության խոսքեր հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցում ըմբռնման և արագ լուծման համար»,- ասել է Տոկաևը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին՝ քաղաքական և նույնիսկ ռազմական եղբայրության համար:
«Փաստացի սա առաջին դեպքն է, երբ ՀԱՊԿ խաղաղապահ ներուժը իրականում օգտագործվեց անդամ երկրներից մեկի անվտանգությունը, կայունությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»,- ասել է Տոկաևը։
Նա ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն ռազմական, այլև բարոյական աջակցությունը ՀԱՊԿ գործընկերների կողմից, ովքեր հանդես են եկել որպես միասնական ճակատ և աջակցել Ղազախստանի կոչին։
Տոկաևը հայտարարել է, որ բոլոր իրադարձությունները միտված են եղել կործանարար ծրագրի իրականացմանը, որը նախապատրաստվում էր երկար ժամանակ։ Նա չի նշել, թե ովքեր են կանգնած դավադրության հետևում։
Նրա խոսքով, բազմիցս ապակայունացման փորձեր են արվել, որոնք վճռականորեն ճնշվել են։ Սակայն կազմակերպիչները զինված ցույցեր են պատրաստել և օգտվել գազի գնի հետ կապված հանրահավաքներից:
Տոկաևը նշել է, որ կառավարությունը հրաժարական տվեց, գները սառեցվեցին։
«Ղազախստանի դեմ ագրեսիայի կազմակերպիչների համար դա այլևս նշանակություն չուներ։ Ինքնաբուխ բողոքի քողի տակ անկարգությունների ալիք է ծավալվել»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Նա հայտարարել է, որ հայտնվել են կրոնական արմատականներ, հանցավոր էլեմենտներ, կողոպտիչներ, մանր խուլիգաններ։ Սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական պահանջները հետին պլան են մղվել և մոռացվել։ Առաջին տեղում, ըստ Տոկաևի, հայտնվել են գրոհայինները։
«Խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է: Այս բոլոր գործողությունները համակարգվել են մեկ կենտրոնից»,- հավելել է Տոկաևը։
Նրա խոսքով, պլանը եղել է Ղազախստանում քաոսի գոտի ստեղծել ու իշխանությունը զավթել։ Ղազախստանի նախագահը նշել է, որ այս ֆոնին հայտարարվել է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ և դիմել է ՀԱՊԿ-ին։
«Այսօրվա դրությամբ Ղազախստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը՝ 2030 հոգու և 250 միավոր տեխնիկայի քանակով, տեղակայվել են և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանք հսկում են օդանավակայանները, ռազմական պահեստները և ռազմավարական այլ օբյեկտները։
«Սա ՀԱՊԿ առաջին խաղաղապահ առաքելությունն է։ Վստահ եմ, որ կազմակերպությունը օգտակար դրական փորձ կստանա»,- ասել է Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստի ժամանակ։
«ՀԱՊԿ-ը որպես հեղինակավոր ռազմաքաղաքական կազմակերպություն ցույց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը։ Սա իսկապես գործող մեխանիզմ է մեր պետությունների կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Իրականում տեղի ունեցած իրադարձությունները դարձել են շրջադարձային կազմակերպության զարգացման մեջ, որը նոր որակ է ստացել որպես ուժեղ միջազգային ինստիտուտ»,- հավելել է Տոկաևը։
Նրա խոսքով, Ղազախստանի առջև ծառացած սպառնալիքները ընդհանուր են ՀԱՊԿ ողջ տարածքի համար։ Տոկաևը կարծում է, որ անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամերին արձագանքելու ժամկետները։
Տոկաևն ասել է, որ Ալմաթին դիմակայել է ահաբեկչական հարձակումների վեց ալիքի, զինյալները խոսում էին այն լեզուներով, որոնք տարածված չեն Ղազախստանում։ Նա նշել է, որ Ղազախստանում հակաահաբեկչական գործողության ավարտին զուգընթաց կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- ՀԱՊԿ ուժերը չեն մասնակցում Ղազախստանում հակաահաբեկչական գործողությանը
- ՀԱՊԿ ղեկավարների առցանց հանդիպումն այսօր՝ ժամը 11:00-ին
- ԱՄՆ-ն Ղազախստանից բացատրություն է պահանջել ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան