ՌԴ օրենքը լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանից մրգային գինիների արտահանման համար. Ավագ Հարությունյան
Հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում մրգային ալկոհոլային խմիչքներն այլևս չեն կարող գինի անվանվել։ Այսպիսով, գինի կարող են կոչվել միայն այն ըմպելիքները, որոնք պատրաստված են խաղողից։
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանից մրգային գինիների արտահանման համար, քանի որ արտահանման շուրջ 50%-ը բաժին է ընկնում հենց այդ գինիներին։
«Մրգային գինիները մեր արտահանման կառուցվածքում մեծ մասնաբաժին ունեն, ուստի ռուսական քաղաքականությունը էապես կազդի մեր արտահանման կառուցվածքի վրա։ Ի դեպ, դա միայն Հայաստանին չի վերաբերում, նման խնդրի առաջ է կանգնելու նաև Բելառուսը, որը վերջին 70 տարիներին հիմնականում ՌԴ է արտահանում մրգային գինիներ»,- ասաց Ավագ Հարությունյանը։
Նա միաժամանակ նշեց, որ բանակցություններ են ընթանում, փորձում են տարբեր ճանապարհներով այդ խնդիրը լուծել:
Ավագ Հարությունյանի խոսքով՝ ՌԴ օրենքը հակասում է ԵԱՏՄ սահմանված կանոնակարգին։ «Ռուսներն ասում են, որ իրենց համար իրենց օրենքն է կարևոր, այլ ոչ թե ԵԱՏՄ-ն, բացի այդ, ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրում կետ կա, որ Ռուսաստանը չի նեթարկվի ԵԱՏՄ նորմատիվային ակտերին, եթե դա սպառնում է իր անվտանգությանը։ Սակայն, կարելի է ասել, որ սա միակ դեպքն է, երբ ԵԱՏՄ անդամ այլ երկրներն այս հարցում համաձայն չեն Ռուսաստանի հետ»,- ասաց նա։
Ավագ Հարությունյանը հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, բանակցություններն արդյունք կտան և Հայաստանի, և ԵԱՏՄ անդամ այլ երկրների գինեգործները կկարողանան իրենց մրգային գինիներն արտահանել Ռուսաստան։
Հայաստանի գինեգործների միության նախագահը նաև տեղեկացրեց, որ հայկական մրգային գինիների գրեթե 95 տոկոսն արտահանվում է։
Նա միաժամանակ նշեց, որ այսօր խնդիրներ կան նռան գինու հետ կապված, քանի որ պատերազմից հետո Արցախն այլևս չի տրամադրում այնքան նուռ, որքան պետք է։ «Նռան այգիները մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացրած շրջաններում։ Իսկ այգիների մեծ մասը գտնվում են անմիջապես շփման գոտում և վտանգավոր է դրանք մշակելը, ուստի չենք ստանում սահմանված չափով բերք։ Նույնիսկ կան տեղեր, որ սահմանն անցնում է ճիշտ նռան այգու միջով»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան