Արցախի ԱԳՆ. Նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ.
«Այսօր՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները։
Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։
Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
- Ասկերանի շրջանում ադրբեջանցիները 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել. Արցախի ՆԳՆ
- Արցախում հրշեջ փրկարարները հայտնվել են թշնամու կրակոցների թիրախում. Արցախի ՆԳՆ
- ԱՀ ՊՆ. Կարմիր Շուկայի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ