Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործը դատարանում է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի ու ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Panorama,am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելուն։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավո»-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։
Իսկ ահա Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
(լուսանկարը՝ արխիվային)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան