Մեկին ասացին՝ բնական շուբա ես հագնում, մյուսին՝ մեքենա ունես. Ինֆեկցիոն հիվանդանոցից ազատված աշխատակցուհի
«Դեկտեմբերի 30-ին բոլորին ասվել է, որ հունվարի 15-ից աշխատակիցներն ազատված են լինելու աշխատանքից և բոլորը լացելով տուն են գնացել, ես ինքս շատ ծանր հոգեվիճակում եմ եղել»,- այսօր հայտարարեց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի դիմաց կազմակերպած բողոքի ակցիային մասնակցող աշխատակիցներից մեկը:
Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ կենտրոնի 80 աշխատակցի տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից, նրանց ներկայացրել են աշխատանքից ազատվելու սեփական դիմումներ, որոնք աշխատակիցները չեն ստորագրել:
«Նախարարությունը և տնօրինությունը քննարկումներ են անում, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքն այլ հիվանդանոցում բացվի և կոլեկտիվի մի մասը ժամանակավոր տեղափոխվելու են այնտեղ աշխատելու»,- հայտնեց կենտրոնի բժիշկներից մեկը և հավելեց, որ դրանից հետո հիվանդանոցը վերապրոֆիլավորվելու է և վերանորոգումից հետո աշխատակիցները կվերադառնան աշխատանքի, բայց քանի որ բուժանձնակազմին ուղարկում են այլ հիվանդանոց, ապա բոլորին ծանուցում են ազատման մասին:
Նա նշեց, որ բուժաշխատողները ցանկանում են հստակ և մանրամասն տեղեկանան գործընթացից, բայց վերջնական որոշում չկա, այդ պատճառով էլ չեն կարող նրանց վերջնական որոշման մասին հայտնել:
Ակցիայի մասնակիցները վրդովված էին, որ միջին և ցածր բուժանձնակազմին անգրագետ են համարում և ինչպես ուզում են այդպես էլ վարվում են իրենց հետ: Նրանք նաև հայտնեցին, որ հիվանդանոցը վերանորոգվելու է 3 տարվա ընթացքում, իրենք չգիտեն, թե դրանից հետո ում կվերականգնեն աշխատանքի և այդ ժամանակահատվածում ինչով են զբաղվելու:
«Մեզ ներկայացված դիմումի մեջ գրված էր, որ խնդրում եմ՝ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն և մեզ ասացին մինչև հունվարի 15-ն իրավունք ունեք աշխատելու, դրանից հետո ազատված եք: Իրավաբանը մեզ ներկայացրեց, որ դիմումը գրեք, եթե չգրեք, միևնույն է ազատված եք»,- հայտնեց կենտրոնի աշխատակից Լեյլի Հովհաննիսյանը:
Նա պնդեց, որ երբ հարցրել է, թե ազատման պատճառը որն է, իրեն ասել են՝ լավ է ապրում, դրա համար:
«Մյուսին ասացին՝ դու բնական շուբա ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես: Ոչ մեկին չասացին՝ աշխատանքում թերացումներ ունես: Ես երկու ամիս կովիդով հիվանդ 45 պացիենտի եմ սպասարկել միայնակ: Անցած տարվա փետրվար-մարտին մեզ ասացին՝ ստորագրեք, որ դուք կովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Ստորագրել ենք, որ աշխատանքից չզրկվենք: Ես այստեղ աշխատում եմ 25 տարի»,- ասաց բուժաշխատողը:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի տնօրենը: