Նաև ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի` տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով: Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ` գործող օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների աշակերտներին:
Ըստ էության, նախագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ հանգամանքից` սովորում են պետական թե ոչ պետական դպրոցում, գրքերը կստանան անվճար: Հանրապետությունում այսօր գործում են ոչ պետական 48 դպրոցներ, որոնց տարրական դասարաններում սովորում են ավելի քան 4000 երեխաներ: Պետական դպրոցների տարրական դասարաններում սովորողների թիվն ավելի է 54 հազարից:
Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել հունվարի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչև երկու ամսով: Նախաձեռնության հետ կապված` հանձնաժողովի որոշմամբ հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ: