Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
82 տարեկանում մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ բանաստեղծը մահացել է այսօր, նա հիվանդ էր:
Նրա խոսքով, Ռազմիկ Դավոյանն իր արժանավոր տեղն ունի մեր գրականության պատմության մեջ. «1960-ական թվականներից՝ «Իմ աշխարհը» գրքից սկսյալ, որպես երիտասարդ գրող, շատ լավ մուտք ունեցավ: Նրա գրքերը մեր գրականության համար հետաքրքիր նորույթներ էին: Ռազմիկ Դավոյանը և դասական, և ժամանակակից մտածողությունների խաչաձևումով ստեղծեց իր աշխարհը: Պատահական չէ առաջին գրքի վերնագիրը՝ «Իմ աշխարհը»` իր աշխարհը հաստատեց իր պոեզիայով, արձակով, նաև մանկական բանաստեղծություններով»:
Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականին: Տարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։
1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։
1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, 1989 թվականից - «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ, 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։
Ռազմիկ Դավոյանը ՀԽՍՀ պետական մրցանակ, Հայաստանի պետական մրցանակի, Հայաստանի Պետական առաջին կարգի մրցանակի դափնեկիր է, ստացել է Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան