Եթե նույնիսկ բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր ավելացվեր, այս փոփոխությունը պետք է արվեր. Տիգրան Աբրահամյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվում է, որ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, շահառու են հանդիսանում կինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները):
Հայկ Սարգսյանն ասաց, որ իրեն հայտնի է դարձել 16 դեպք, երբ կան զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողներ, ովքեր 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, հետևաբար չունեն կին, զավակներ, ծառայության մեկնելու ժամանակ նրանց երկու ծնողները մահացած են եղել:
«Մեր այս եղբայրների մասով որևէ մեկը փոխհատուցում չի ստացել: Անհրաժեշտություն եմ տեսել, որ օրենքում կատարենք փոփոխություն, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր մահացել են ու չունեն ոչ ծնողներ, ոչ կին, ոչ զավակ, նրանց մասով փոխհատուցում ստանան նրանց հարազատ եղբայրները կամ քույրերը», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե այս 16 դեպքով էլ կան և հարազատ եղբայրներ, և հարազատ քույրեր։
Հ.Սարգսյանի խոսքով, սա բյուջեում որևէ հավելյալ ծախս չի ենթադրում, քանի որ բոլոր փոխհատուցումները տրամադրելու է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման» հիմնադրամը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ եթե նույնիսկ սա բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր ավելացներ, պետք է փոփոխության ենթարկվեր։
Նա նաև հետաքրքրվեց, եթե շահառուներ են համարվում զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի՝ եղբայրը, քույրը, պապը և տատը, այս պարագայում փոխհատուցումը ո՞ւմ է կոնկրետ տրվում. «Oրենքում գրված է այն մարդուն, ով գնացել, դիմել է, հաշվի է բացվել, որպեսզի հետագայում ընտանիքներում էլ խոչընդոտներ չառաջանան»:
Հ.Սարգսյանն ասաց, որ գումարը հավասարապես է բաշխվում, դիմում ներկայացնելու հանգամանքն այն մասով է, որպեսզի դիմումը պատկան մարմինները քննեն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ քննարկում եղե՞լ է պաշտպանության նախարարության հետ, ի՞նչ դիրքորոշում է ունեցել:
«Հատկապես կարևորում եմ պաշտպանության նախարարության դիրքորոշումը, քանի որ 2021 թվականի մայիսին, հիմա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նույն առաջարկությամբ էր հանդես եկել, գրավոր դիմել էր պաշտպանության նախարարությանը, շատ լղոզված, առանց դիրքորոշում հայտնելու գրություն էր ուղարկվել»,- ասաց Մանուկյանը:
Հայկ Սարգսյանն արձագանքեց, որ սկզբում պաշտպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել նախագծին, հետո կառավարությունում քննարկումների ընթացքում, նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աջակցությամբ, որոշակի փոփոխություններ են կատարվել ու նախագիծը դրական եզրակացությամբ եկել է Ազգային ժողով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գնահատմամբ, առաջարկվող փոփոխությունները կարևոր են, օրենքում պետք է հստակ գրվի ամեն ինչ, որպեսզի որևէ մեկը չփորձի մտնել և շահադիտական նպատակներով օգուտ քաղել:
«Ակտիվ կմասնակցեմ հետագա քննարկումներին, իմ առաջարկները կներկայացնեմ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, եթե զինծառայողի հետ կապված կա պրոբլեմ, պետք է գտնել լուծումներ՝ բյուջեում գումար կլինի, թե հիմնադրամում:
«Նախկինում քննադատել ենք հիմնադրամը, թե ոչ, այսօր ցույց տվեց որ այդ հիմնադրամը բավականին խնդիր է լուծում, մեր կարևորագույն կառույցներից մեկն է զինծառայողների ընտանիքներին աջակցության առումով ևս»,- նշեց նա:
Հանձնաժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Գեղամ Մանուկյանի խոսքով, այնպիսի նախագիծ էր, որ, բնականաբար, որևէ մեկը չէր համարձակի, իրեն թույլ չէր տա դեմ քվեարկել:
«Իհարկե, ցանկությունն շատ ավելի ուրիշ էր, որ անցնող երեք տարվա ապաշնորհ քաղաքականության արդյունքում չհասնեինք այսպիսի կորուստների ու այսպիսի հարցեր քննարկեինք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան