Մարդն ամուսնական մատանին գրավ է դնում, ինչո՞ւ եք պահանջում, որ այդ փողը պարտադիր նստացնեն նրա հաշվին. Արթուր Խաչատրյան
«Նախագծին դեմ ենք, քանի որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ»,- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հունվարի 1-ից 500,000 դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը իրականացնել անկանխիկ ձևով, նույն եղանակով անել նաև ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումը: Գրավատների դեպքում առաջարկվում է սահմանել 80,000 դրամի շեմը:
Օրենքի մեկ այլ դրույթով սահմանվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև՝ 300,000 դրամը գերազանցող վճարման և վճարման ստացման բոլոր գործարքները ևս իրականացնել անկանխիկ ձևով:
Արթուր Խաչատրյանն, իր կարծիքը հիմնավորելով, ասաց, որ եթե պարտքով գումարը փոխանցվում է քաղաքացուն և նա ստիպված այն կանխիկացնում է այլ բանկոմատից, ապա գումար է մուծելու տվյալ բանկին:
«Ես հասկանում եմ, որ որոշ, գործարքների մասով օրենքի նպատակը ստվերի կրճատումն է, բայց օրինակ եղբորից եղբորը բանկի միջոցով փոխառություն տրամադրելու տրամաբանությունն ես ընդհանրապես չեմ հասկանում, հատկապես, որ դժվար է հիմնավորել, թե այն փոխառություն է թե նվեր»,- նկատեց պատգամավորը և օրինակ բերեց.«Այսօր ես քո ընկերն եմ և նվեր գումար եմ տվել, իսկ վաղը թշնամացանք ու ընկերս վերադարձրեց այդ գումարը, դե գնա ապացուցի, որ այն ոչ թե նվեր էր այլ փոխառություն»:
Խաչատրյանի խոսքով՝ կան ոչ միայն ֆինանսական խնդիրենր, այլ վերահսկողության հիմնահարց, և օրենքի շատ հոդվածներ ստվերի հետ որևէ առնչություն չունեն:
«Մարդը գնում է բանկ, ամուսնական մատանին գրավ է դնում, ստանում է սպառողական վարկ, ինչո՞ւ եք պահանջում, որ այդ փողը ոչ թե կանխիկ վճարեն, այլ նստացնեն նրա հաշվին: Ես խոսում եմ ոչ թե վնասի մասին, այլ ուզում եմ հասկանալ, թե դրա օգուտը ո՞րն է»,- ասաց պատգամավորը և շեշտեց, որ վնասն ակնհայտ անհարմարությունն է, քանի որ հաշիվ է բացվում, դրա համար հնարավոր է սպասարկման վճար գանձվի:
Նա անընդունելի համարեց նաև գրավատների դեպքում 80 հազարից բարձր գումարների անկանխիկ հատկացնելու դրույթը:
«Շուկայի կենտրոնացման միտում եմ տեսնում, այն ակնհայտ բանկային լոբբինգի դրսևորում է, որը բազմաթիվ անգամ հետաձգվել է և հիմա չգիտես ինչու կրկին մտցվել է օրակարգ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պնդեց, թե դժվար է պատկերացնում, որ բանկային հաշիվ ունեցող քաղաքացին ցանկանա 300 հազարը գերազանցող գործարքները կանխիկով անել և պնդեց, որ այդ հարցը լուծված է համարում:
«Եթե մենք հարցում անենք այն անձանց շրջանում, որոնք միշտ կանխիկ էին ապրում, հետո սկսել են անկանխիկ ապրել, ապա նրանք միանշանակ հաստատում են, որ անկանխիկն ավելի հարմարավետ է»,- հայտարարեց ԿԲ նախագահի տեղակալը և, փաստելով, որ բնակչության շրջանում նման հարցումներ կատարվել են, հավելեց. «Ես ինքս կանխիկ չեմ օգտագործում, անկանխիկով եմ ապրում , որը հարմարավետ է և ուզում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներն ունենան այն հարմարավետությունը, որը ունեմ ես»:
Հանձնաժողովը ՔՊ պատգամավորների ջանքերով դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին: