Ստացվում է՝ զոհվածների ընտանիքները մնում են բանկային խնդիրների հետ միայնակ. Թագուհի Թովմասյան
«Անհատական մակարդակում այդպիսի դժգոհություններ մենք շատ ենք ստանում, հիմնականում դրանք անձնավորված լուծումներ են ստանում և, ես կարծում եմ՝ ժամանակն է, որ դրանց համակարգային լուծում տանք»,- հայտարարեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և Արցախից տեղահանվածների վարկային խնդիրները:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի նախաձեռնությամբ ԱԺ-ում հրավիրվել է քննարկում արցախյան վերջին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:
Թագուհի Թովմասյանը գտնում է, որ խնդրին այնպիսի լուծումներ պետք է տալ, որ դրանից չտուժեն մասնավոր բանկերը և միաժամանակ օգտակար լինեն նման խնդիրներ ունեցող ընտանիքներին:
Պատգամավորը տեղեկացրեց, որ տեղահանված արցախցիները ևս ունեն մեծ վարկային պարտավորություններ՝ նկատելով, որ կան դեպքեր, երբ վերջիններս կորցրել են այն գույքը, որը գրավադրել էին, կամ որի համար վարկ էին վերցրել:
Ըստ Թովմասյանի՝ կան օբյեկտիվ պատճառներ այդ վարկային պարտավորությունները չկատարելու համար, բայց նաև պետք է, որ այդ պարտքերը մարվեն:
«Ըստ էության ստացվում է, որ զոհվածների ընտանիքները մնում են բանկային խնդիրների հետ միայնակ»,- նշեց հանձնաժողովի նախագահը և հայտնեց, որ եթե խնդրի լուծման համար օրենսդրական նախաձեռնության կարիք լինի, ապա ինքը կներկայացնի այն:
Քննարկմանը մասնակցող Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հայտնեց, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների 17 հազար 100 անդամների՝ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները:
Նրա խոսքով՝ զոհված և անհետ կորած անձանց պարտավորությունների ներում է իրականացվել՝ 2400 անձանց մասով՝ 1 մլրդ 948 մլն դրամի չափով, իսկ նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 631 մլն դրամ:
«Պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 230 մլն դրամ և ամբողջը կազմում է շուրջ 2.8 մլրդ դրամ, որի 2 մլրդ 252 միլիոնը բանկերի կողմից է ներվել, 557 մլն դրամը՝ վարկային կազմակերպությունների»,-հայտնեց բանկերի միության նախագահը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, իր խոսքում ասաց. «Այնքան տարօրինակ էր ինձ համար, երբ մեր տան անդամներից մեկը բանկերից մեկում ուներ սպառողական վարկ և երբ գնացինք, որ վարկը մուծենք, ասացին, որ մեզ կորոնավիրուսային համակարգի զեղչման համակարգի մեջ կներառեն: Գիտե՞ք այնքան վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա ինչ-որ որոշում, և նրան ընդգրկում են կորոնավիրուսային ինչ-որ ծրագրի մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան