«Ժողովուրդ». Նախկին նախարարներին կանչում են հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա օրերին ակտիվորեն նիստեր է անցկացնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Ավելին՝ երեկ արդեն նման մի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի մի մասը տեղի է ունեցել փակ ռեժիմով, որի ժամանակ պատգամավորները Արշամյանից հետաքրքրվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից և այդ գումարների ծախսման մանրամասներից:
Մեզ հայտնի է դարձել, թե ովքեր են մասնակցելու առաջիկա նիստերին: Մասնավորապես, այսօր նիստին մասնակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, վաղը՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, իսկ արդեն հունվարի 14-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը, սակայն այդ գումարը ծախսելու վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ հայտնվեցին, և քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ստուգել նաև դրանք՝ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան