Այս ուղղությամբ Արման Թաթոյանի կատարած աշխատանքը նույն ջանասիրությամբ պետք է առաջ տանել. Քրիստինե Գրիգորյան
«Թշնամու երեկվա սադրանքից հետո ունենք երեք զոհ, վիրավորներ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանությունները ոչինչ չեն արել մեր անվտանգությունը, օդը պաշտպանելու առումով»,- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ փոխարենն այդ նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը քաղաքացիներից պաշտպանվել են գերթանկարժեք «պադավադներով», գերհագեցած անվտանգության աշխատակիցներով։
«Դրան զուգահեռ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ շրջանակներում զորախումբ է ուղարկում Ղազախստան, բայց այն ժամանակ, երբ թշնամին գտնվում է մեր տարածքում, ոտնահարում է մեր սուվերենությունը, այս իշխանությունները որևէ բան չեն ձեռնարկում, լռություն են պահպանում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը, ապա հարց ուղղեց Քրիստինե Գրիգորյանին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների այս պահվածքը։
Ք. Գրիգորյանն ասաց, որ անվտանգային բնույթի խոսակցությունները, քաղաքականությունները ուղղակիորեն հնարավոր չէ կտրել մարդու իրավունքներից։
«Վտանգավոր է ունենալ այսպիսի խոսակցություն՝ թե արդյո՞ք քաղաքական նպատակահարմարությունները, գեոպոլիտիկ իրավիճակները կարող են գերակշիռ լինել։ Մենք այլ հնարավորություն չունենք որպես այդպիսին, քան մարդու իրավունքները և սահմանին ապրող մարդու իրավունքներն այդ ամեն ինչի կենտրոնում դնելու»,- ասաց նա։
Ըստ նրա, պատահական չէ, որ գործող Մարդու իրավունքների պաշտպանն այս մտեցումն է առաջ մղում, կարևոր է, որ այս մոտեցումը տեղ է գտել Եվրոպայի խորհրդի համարժեք բանաձևում՝ շփման գոտում անվտանգության միջավայրի ապահովման համար անհրաժեշտ է լուրջ քննարկել ապառազմականացված գոտու գաղափարը։
Ք. Գրիգորյանի գնահատմամբ, սա շատ կարևոր գաղափար է, որը պետք է թե պետական մակարդակում, թե ՄԻՊ-ն իր մանդատը, հնարավորություններն օգտագործելով առաջ մղի, հակառակ դեպքում ի՞նչ կամ ո՞ւմ անվտանգության մասին ենք մենք խոսում։
«Կարծում եմ՝ այս ուղղությամբ Արման Թաթոյանի կատարած աշխատանքը նույն ջանասիրությամբ պետք է առաջ տանել և իշխանությունն էլ այս մոտեցումն առաջ մղի, որ ուղղակի աշխարհաքաղաքական վերացարկված անվտանգությունը չգերադասվի մարդկանց անվտանգության հարցերին»,- ասաց ՄԻՊ ՔՊ թեկնածուն։
Արեգնազ Մանուկյանն ավելի կոնկրետ հնչեցրեց հարցը՝ արդյո՞ք չեք կարծում, որ ՀՀ իշխանությունների անգործության արդյունքում ոտնահարվում է ՀՀ քաղաքացու իրավունքները և չեն ապահովում անվտանգությունը։
«Բնականաբար, որևէ իշխանության, նաև այս իշխանության պոզիտիվ պարտականությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։ Հենց դրա մասին էի ես խոսում։ Այս պահին որևէ վերացարկված գնահատական կդժավարանամ տալ՝ միանշանակ այո, կամ ոչ, բազմաթիվ շերտեր կան այստեղ»,- պատասխանեց Ք. Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի կիսում Ալեն Սիմոնյանի՝ Արման Թաթոյանի զեկույցները կասկածի տակ դնող մոտեցումները
- Ադրբեջանական սադրանքից հետո ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայողի դի. ՊՆ
- ՔՊ-ն քվեարկությամբ ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրեց Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների լոբբիստին