Մեկ տարում սննդամթերքը թանկացել է 12.9%-ով.
ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.9% գնաճ: իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5%, գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 16.4% գնաճերը:
Ըստ տարածված հաղորդագրության՝ բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 40.0%, մրգի ապրանքախմբում՝ 1.8% գնաճ, որոնք սպառողական զամբյուղում ունեն 8.35% տեսակարար կշիռ:
Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.8%, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 10.2% գնաճ, իսկ հացի, մակարոնեղենի, ալյուրի, բրնձի և ձավարեղենի գները աճել են՝ համապատասխանաբար 9.1%, 9.5%, 9.7%, 13.4% և 23.7%-ով:
Ամփոփված վիճակագրական տվյալների համաձայն՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում դիտարկվող ժամանակահարվածում գրանցվել է 11.2% գնաճ: Կաթնաշոռը թանկացել է 6.9%-ով, պանիրը՝ 13.4%-ով, ձուն՝ 12.7%-ով:
Վիճակագրական տվյալներն փաստում են, որ 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.5% գնաճ, մարգարինի և այլ բուսական յուղերի գները բարձրացել են 21.0%-ով, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում առկա է 31.4% գնաճ: