Խանութներում առանձնացված դարակաշարեր կլինեն ոչ մաքուր կաթից պատրաստված կաթնամթերքների համար
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ այսօր գումարեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 9 հարց:
Օրակարգային առաջին հարցով քննարկվեց Էկոնոմիկայի նախարարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց՝ հանձնաժողովում նախագծի առաջին քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկել էին, որ սահմանափակումները փոքր խանութների համար չկիրառվեն, բայց տեխնիկական պատճառներով նախարարությունում այդ առաջարկը չեն հասցրել քննարկել և առաջարկեց հարցը հանել օրակարգից:
«Քանի որ ես ոլորտին լավ տեղյակ մարդ եմ և հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը, մենք հակված ենք նրան, որ առաջարկեինք մինչև 200 քմ մակերեսով խանութների համար սահմանափակում չկիրառվի»,- պարզաբանեց Քերոբյանը:
Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նկատեց, որ պատգամավորները հենց այդ հարցն էին բարձրացրել, քանի որ տեխնիկապես փոքր խանութներում հնարավոր չէ ապահովել դարակաշարերը և այդ պահանջի կատարման վերահսկողությունն էլ դժվար է լինելու:
Որպեսզի պարզ լիներ, թե ինչի մասին է խոսքը գնում՝ հանձնաժողովի փոխնախագահ՝ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ օրենքում նախատեսված փոփոխություններով առաջարկվում է առևտրային սրահներում առանձնացված դարակաշարեր հատկացնել ոչ մաքուր կաթից արտադրված կաթնամթերքի համար, որպեսզի սպառողին մոլորության մեջ չգցեն:
Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին Վահան Քերոբյանի հնչեցրած 200 քմ մակերեսի սահմանափակմամբ լրամշակված նախագիծն անցկացնել առաջին ընթեցմամբ և մինչև երկրորդ ընթերցումը հստակեցնել խանութների մակերեսների սահմանափակման չափը, քանի որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, որ մարզերի համար 200 քմ տարածքը շատ մեծ է և այդ չափն ընդունելու դեպքում գրեթե բոլոր խանութները ստիպված են լինելու ապահովել դարակաշարեր: