Արման Թաթոյան. Մենք պետք է հրատապ գործենք
«Ես ցավակցում եմ երեկ զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, մեզ բոլորիս այդ դժբախտ հետևանքների համար։ Հույս ունեմ, որ մենք կտանենք այնպիսի քաղաքականություն, որ կարողանանք պաշտպանել մեր զինծառայողների իրավունքները, այդ թվում կյանքի իրավունքը»,- բնակչության անվտանգության հարցերում պետության քաղաքականության վերաբերյալ ասուլիսում այսօր հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, դրա համար պետք է ցույց տալ, որ ադրբեջանական զինծառայողներն ապօրինի կերպով, առանց իրավական հիմքերի են գտնվում Հայաստանի տարածքում։ ՄԻՊ համոզմամբ, այդ դեպքում մենք կարող ենք առավել արդյունավետ պաշտպանել մեր զինվորներին, սահմանպահներին, ոստիկաններին, բոլոր նրանց, որոնք ապահովում են մեր բնակչության անվտանգությունը։
Երեկ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության ընթացքում ՄԻՊ գրասենյակը ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մի քանի գյուղերից՝ Նորաբակից, Վերին Շորժայից, Կութից։
«Բոլորի հետ կապի մեջ ենք եղել։ Բնակիչները տեղեկացրել են, որ լսել են հրետանու ձայներ։ Այստեղ պետք է նկատենք հետևյալը, ադրբեջանական զինծառայողները կրակել են այն տարածքներից, որտեղ տեղակայվել են մայիսյան ներխուժումների ժամանակ։ Մենք ունենք նաև երրրոդ ներխուժումը, որը տեղի է ունեցել Կապան քաղաքի Ծավ տեղամասում հենց պատերազմի օրերին։ Սա վերաբերում է մարդկանց անվտանգությունը, ադրբեջանական զինծառակողները տեղակայված են մեր բնակիչների հողերի, մեր բնակավայրերի տարածքում։ Նրանք այդտեղ հայտնվել են նոր պատերազմի սպառնալիքի ներքո, որը ապալեգիտիմացնում է նրանց այդտեղ գտնվելը։ Մենք պետք է հրատապ գործենք, ժամանակ չունենք, րոպե առաջ պետք է գործենք։ Իրադարձություններն արագ են զարգանում»,-ասաց Արման Թաթոյանը։
Ինչ վերաբերում է դիրքերի կահավորմանը, ապա Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, այն զինծառայողների իրավունքներին է վերաբերում։ Այդ խնդրի վերաբերյալ իրականացնում են ուսումնասիրություններ, մոնիտորինգային այցեր, ինքը պարբերաբար կազմում է տեղեկանքներ, ներկայացնում ՊՆ ու այլ մարմիններ։
«Դրանցում վերհանել ենք ոչ միայն դիրքերի կահավորմանը, այլև բանակի բարոյահոգեբանական վիճակի, դրա հաղթահարման ուղիների ու լուծումների վերաբերող հարցեր։ Այն, ինչ ես ասում եմ, հիմնված է, այդ ուումնասիրությունների արդյունքների վրա»,-ասաց Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, այցերի ընթացքում տարբեր խնդիրներ են արձանագրել, կան նաև ռազմական-քաղաքական հարցեր, որոնք համապատասխան մարմիններ ուղարկվել են պաշտոնական խողովակներով։