Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրն է կանխել ջրի թունավորումը և ապահովել հացի գործարանի անվտանգությունը
Ալմաթիում հայկական խաղաղապահ ստորաբաժանման հիմնական խնդիրներից է կանխել ահաբեկիչների կողմից ջրառի կետում ջրի թունավորումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարը։
«Հիմնական խնդիրներից է կանխել «Դրուժբա» ջրառի կետում ջուրը թունավորելը»,- ասել է նա։
Զինվորականների խոսքով, այն ռազմավարական նշանակության օբյեկտ է, և կար դրա աղտոտման տեսական վտանգ։
Ալմաթիում Հայաստանից ժամանած խաղաղապահները ոչ միայն հսկում են ջուրը, այլև ապահովում են հացի ամենամեծ գործարաններից մեկի անվտանգությունը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նույն օրը նա դիմել էր նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Հայաստանի զինված ուժերի 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գործուղվել է Ղազախստանի Հանրապետություն։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում
- Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները