Գնահատվել է Թոլորսի, Սպանդարյանի և Տաթևի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողները իրականացրել են հետազոտություններ՝ գնահատելու համար ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գետի վրա կառուցված Որոտան հիդրոկասկադի՝ Սպանդարյանի, Տաթևի և Թոլորսի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։
Աշխատանքներն իրականցվել են «Որոտան կասկադի տարածքի բեկվածքների բնութագրում և սեյսմիկ վտանգների գնահատում» ծրագրի շրջանակներում՝ «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի և «Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիա»-ի հետ համատեղ, «Քոնթուր Գլոբալ» ՓԲԸ-ի պատվերով: Հետազոտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Միքայել Գևորգյանը:
Առանձնացվել և ուսումնասիրվել են Որոտան կասկադի տարածքի տեկտոնական կառուցվածքը, խզվածքները, կառուցվել է ուսումնասիրվող գոտու սեյսմոտեկտոնական մոդելը, գնահատվել է խզվածքների հարուցած երկրաշարժի առավելագույն մագնիտուդը։ Այստեղ է հատում Հայաստանի ամենաակտիվ՝ Փամբակ-Սևան-Սյունիք խզվածքի հարավային սեգմենտը, որը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ, և որի գնահատումն ու դրանից բխող սեյսմիկ ռիսկի նվազեցումը համարվում է խիստ կարևոր և արդիական։
ՀՀ տարածքի համար սեյսմիկ վտանգի քարտեզը 2017թ-ին:Ուսումնասիրվող տարածքը ներկայացված է օվալով։
ՀՀ և հարակից տարածքների ակտիվ խզվածքների քարտեզ՝ հիմնված սեյսմոտեկտոնական մոդելի վրա:
Սպանդարյանի, Տաթևի և Թոլորսի ջրամբարների հորատանցքերի ուսումնասիրության արդյունքները:
«Իրականացված աշխատանքն ամբողջությամբ կրում է կիրառական և հիմնարար նշանակություն։ Հայաստանի և հարակից տարածքներն ամբողջությամբ գտնվում են սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ։ Իսկ երբ դա վերաբերում է ջրամբարների պատվարների սեյսմիկ կայունությանը, վտանգի մակարդակի գնահատումն առավել կարևոր և անհրաժեշտ է դառնում։ Վտանգով պայմանավորված՝ սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումն արդիական և հեռանկարային են համարվում ամբողջ Հանրապետության տարածքում ջրամբարների պատվարների կայունությունը պահպանելու տեսանկյունից», - ասաց Միքայել Գևորգյանը։ Հետազոտական աշխատանքների ընթացքին ներգրավված են եղել երիտասարդ գիտնականներ, ովքեր մասնակցել են դաշտային հետազոտություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան