Հրաչյա Մուրադյանը վերընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական 9-րդ համագումարը, որին հրավիրված 55 անդամներից ներկա են եղել 52-ը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Համագումարի ընթացքում ներկայացվել է ՀՎՖ նախագահի թեկնածու Հրաչյա Մուրադյանի նախընտրական ծրագիրը, ինչից հետո կայացել է ՀՎՖ նախագահի ընտրությունը:
Հրաչյա Մուրադյանը համագումարի անդամների միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Համագումարի ընթացքում ներկայացվել են նաև 2017-2021 թվականներին ֆեդերացիայի կատարած մարզական և կազմակերպչական աշխատանքները:
ՀՎՖ նորընտիր նախագահ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է ֆեդերացիայի նախագահության 15 անդամների կազմը: ՀՎՖ նախագահության նոր կազմը ևս ընտրվել է միաձայն: Բացի ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանից՝ ֆեդերացիայի նախագահության կազմում ընդգրկվել են նաև գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, փոխնախագահ Աշոտ Գասպարյանը, նախագահության անդամներ Ալբերտ Կարապետյանը, Ռազմիկ Սուլթանյանը, Գրիգորի Ամբարյանը, Աննա Գալուստյանը, Կարինե Սերոբյանը, Ավագ Նիկողոսյանը, Ռոբերտ Զաքարյանը, Շողիկ Բալյանը, Մանվել Հարությունյանը, Հովհաննես Ասմարյանը, Սմբատ Գևորգյանը և Աշոտ Բաղդասարյանը: