Մահացել է հայտնի ռուս հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին
Մահացել է հայտնի ռուս հեռուստահաղորդավար, լրագրող Միխայիլ Զելենսկին։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եֆիմովիչը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
47-ամյա հեռուստահաղորդավարը մահացել է Դոմինիկյան Հանրապետությունում։
«Հավերժ հիշատակ։ 47 տարեկանում մահացել է մեր հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին», - գրել է Եֆիմովիչը:
Նա նաև նշել է, որ Զելենսկին հանկարծամահ է եղել:
Ըստ Ռուսաստանի դեսպանատան տեղեկատվության՝ լրագրողը Դոմինիկյան Հանրապետություն մեկնել էր հանգստանալու նպատակով։
«Այո, նա մահացել է Դոմինիկյան Հանրապետությունում, մանրամասներ չեմ կարող հայտնել։ Ես նրա կնոջ հետ կապի մեջ եմ, բոլոր հարցերը նրա հետ», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պունտա Կանայում դիվանագիտական բաժնի ղեկավար Վյաչեսլավ Պանկովը:
Միխայիլ Զելենսկին 1997-1999թթ.-ին աշխատել է «Ռադիո Ռոսիա – Նոստալժ»-ում և «ՏՎ-Ցենտր» հեռուստաալիքում՝ որպես լրատվական ծրագրերի հաղորդավար: 1999թ.-ին դարձել է «Ռոսիա» հեռուստաալիքի «Վեստի» ծրագրի ցերեկային թողարկումների հաղորդավար: 2001թ-ին Զելենսկին դարձել է «Վեստի-Մոսկվա» ծրագրի հաղորդավար, իսկ 2006թ-ից՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդավար: