Ադրբեջանական սադրանքից հետո ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայողի դի. ՊՆ
Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։
Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
ՊՆ երեկ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ԶՈւ սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար. ՄԻՊ
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ. ՊՆ
- Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանին․ կան վիրավորներ․ ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ