Նպատակդ, վառ ու արկածաշատ ապագան քեզ է սպասում. Թշնամու գնդակից երեկ զոհված Ռուդիկ Ղարիբյանի խոսքերն են
«Գնում եմ, որ գամ . ժպիտով, միշտ ժպիտով»,-այսպես էր ֆեյսբուքյան իր էջում արձագանքել Ռուդիկ Ղարիբյանը զինկոմից ստացած զորակոչի ծանուցմանը։
20-ամյա Ռուդիկը երկու ծառայակիցների՝ Արթուր Մխիթարյանի (ծնվ. 2002թ.) ու Վահան Բաբայանի (ծնվ. 2003թ.) հետ զոհվեց երեկ թշնամու գնդակից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ՝ Գեղարքունիքի հատվածում։
Ռուդիկը Լոռու մարզի Ալավերդի քաղաքացից է։ Սովորում էր Վանաձորի պետական համալսարանում։ 20-ամյա տղայի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս հասկանում ես, թե ինչքան էր կարևորում կրթության դերը Հայաստանի ուժեղացման, վերականգնման գործում, ինչքան հասուն էր ու հայրենասեր, ինչքան էր սիրում իր հարազատ Ալավերդին։
Արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարի հայտարարության ստորագրման հաջորդ օրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ին նա գրել է.
«Պատերազմը չի ավարտվել ...
Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք:
Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ:
.Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:
Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:
Հիշեք . Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:
Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ:
Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու
Պատերազմը չի ավարտվել...»։
Ուղիղ երկու տարի առաջ՝ հունվարի 12-ին նա գրել, ապա մեկ տարի անց կիսել էր հետևյալ տողերը.
«Երկար դադար...
Ու ահա պայքարի ժամանակն է ինքդ քո մեջ, ինքդ քո դեմ: Բայց… դու պարտվում ես: Ու հասկանում ես որ պայքարել է պետք ամենքի ու ամեն ինչի դեմ՝ պայքարել նրաց քննադատությունների, կամ անհաջողության դեմ: Աշխատել է պետք ինքդ քո վրա: Այդժամ դու կարող ես պարտության մատնել ինքդ քեզ, ամեն ինչին ու ամենքին:
Թեկուզ փոքր քայլերով, բայց առաջ գնալ է պետք: Նպատակդ, վառ ու արկածաշատ ապագան քեզ է սպասում:
Հ.Գ. Ինքդ քեզ պարտության մատնել ի նկատի ունեմ քո ծուլությանը, քո մեջ տարիներով ծառացած վատ սովորություններին վերջ դնել»։
Լուսանկարները Ռուդիկ Ղարիբյան ֆեյսբուքյան էջից են։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական սադրանքից հետո ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայողի դի. ՊՆ
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան