ԱՄՆ-ում մահացել է Լև Տոլստոյի ծոռը
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում 99 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի գրող Լև Տոլստոյի (1828-1910) ծոռը՝ Սերգեյ Տոլստոյը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Washington Post թերթին։
Պարբերականի փոխանցմամբ՝ իր կյանքի մեծ մասը Սերգեյ Տոլստոյը անցկացրել է Եվրոպայում՝ հիմնականում «մոլախաղերով»։ Վաշինգտոնի շրջակայքում Տոլստոյը սկսել է ապրել 1960-ականների վերջին։ Պարբերականի դիտարկմամբ՝ իր ունեցած փողերը նա կորցրել է ձիերի վրա խաղադրույքներ կատարելով։
2010 թվականին Տոլստոյի ծոռը Washington Post-ին ասել էր, որ «շատ հարուստ կանայք» ցանկանում էին ամուսնանալ իր հետ և «դառնալ կոմսուհի Տոլստոյ»։ «Հիմա արդեն շատ ուշ է, բայց ես կարող էի դառնալ միլիոնատեր», - նշել էր գրողի ծոռը:
Սերգեյ Տոլստոյը Վերա Տոլստոյի՝ Լև Տոլստոյի թոռնուհու միակ որդին էր: Նշվում է, որ կյանքի վերջին շրջանում Սերգեյ Տոլստոյը պարբերաբար այցելել է Յասնոյե Պոլյանո՝ մասնակցելու Տոլստոյի ժառանգների ընտանեկան հանդիպումներին։