Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակում է ինչ-որ հոգեկան ոչ հավասարակշիռ մոտեցումներ ունեցող անձանց ցանկությունների հիման վրա. Մակինյան
«Դատախազը փորձ էր անում այլ քրեական գործերից այլ տվյալներ բերել ու մտցնել այս գործի մեջ: Բոլորիս մոտ տարակուսանք առաջացրեց, ոչինչ չէր ապացուցում այս գործով, ուղղակի փորձ էր արվում «Ֆլեշ» ընկերության անունը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնել»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ս.Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նրա ներկայացմամբ, պաշտպանական կողմն իր անհամաձայնությունը փաստարկված հայտնեց:
«Ինչպես պարոն նախագահն արձանագրեց, այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստեց, որ սա քաղաքական պատվեր, քաղաքական հիմք ունեցող քրեական գործ է՝ չհիմնված ոչնչի վրա, ասվեց ասելու համար»,- նշեց Ա. Մակինյանը:
Պաշտպանի խոսքով, այնպես չէ, որ ասում են քաղաքական պատվեր է ու վերջակետ են դնում, այլ սկսում են փաստարկել. «Ասում ենք ու հիմնավորել ենք, որ այդ պահի դրությամբ այդ ծավալով մատակարումներ կարող էին իրակացել «Ֆլեշ» և CPS ընկերությունները: Վերջինս առաջարկել էր ավելի բարձր գին, տենդերը տրվել էր «Ֆլեշ»-ին»:
Նա նաև հայտնեց, որ դատական նիստի ընթացքում մատնանշեցին այն օրը, երբ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը կանչվել և արտադատավարական հանդիպման էր ունեցել ՀՔԾ-ում:
«Դա 2019 թվականի հոկտեմբերի 5-ն էր, շաբաթ օր: Դատարանի ուշադրությունը հրավիրեցի այդ փաստաթղթի վրա: Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 4-ին կանչված լինելով ՀՔԾ որպես հարցաքննության ներկայացող անձ, չի ներկայացել, ներկայացել է հաջորդ օրը: Չներկայանալով ամիս 4-ին՝ որևէ միջոց չի ձեռնարկվել բերման ենթարկելու համար: Դրանից հետո անմիջապես հաջորդ աշխատանքային օրը՝ հոկտեմբերի 7-ին, դիմում է ներկայացրել, որ ուզում է ցուցմունքներ տալ մի հարցի վերաբերյալ, որի վերաբերյալ արդեն երկու անգամ ցուցմունք էր տվել և ժխտել էր, ներկայացրել էր փաստարկներ, որոնք, այո, մոտ են այսօր ներկայացված մեր փաստարկներին, թե ինչու է որոշում կայացվել, որ տենդերը տրվի «Ֆլեշ» ընկերությանը»,- ասաց Մակինյանը:
Հարցին՝ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակում է միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա՞, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Պարոն նախագահը մեղադրյալի կարգավիճակում է ինչ-որ հոգեկան ոչ հավասարակշիռ մոտեցումներ ունեցող անձանց ցանկությունների հիման վրա: Իմ խոսքն ուղղված չէ Սերգո Կարապետյանին»:
Հիշեցնենք, որ գործով անցնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը: Կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազն ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է ներկայացնում. Սերժ Սարգսյանի պաշտպան
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով փաստաթղթերի հետազոտման փուլն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան