«Հայաստան» հիմնադրամի 52.7 մլրդ-ի դիմաց դրվող ծախսերն ուղղակի գործնականում հնարավոր չի լինելու բացահայտել. Ջանջուղազյան
«Ինչքան ես գիտեմ ոչ մի դրամ կանխիկ չի ծախսվել, ամեն ինչ արվել է վճարահաշվարկային փաստաթղթերով»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա՝ երկրորդ նիստում հայտնեց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
Նա տեղեկացրեց, որ գերատեսչությունում այդ բոլոր փաստաթղթերը կան և քննիչ հանձնաժողովը կարող է օգտվել դրանից:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց, թե Թորոսյանը մասնակցե՞լ է «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարներ ներգրավելու մասին որոշում ընդունելու քննարկումներին:
Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այն կայացվել է ֆինանսական ոլորտի գործընկերների առաջարկով և մասնագիտական հաշվարկներով, իսկ ինքը ֆորմալ ներկա չի եղել հիմնադրամի միջոցների օգտագործման որոշման կայացմանը:
Քննիչ հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանձնաժողովին տեղեկացրեց, որ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների իրականացման շրջանակներում ծառայությունների և ապրանքների ձեռքբերում ծրագրի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է 3 որոշման հղում, որոնցից երևում է, որ այդ նպատակով ծախսվել է 1,875 մլրդ դրամ:
Մինասյանի տեղեկացմամբ՝ առաջին որոշումով այլ եկամուտներ բաժնից տեղի է ունեցել հատկացում 1.8 մլրդ դրամ, երկրորդ որոշմամբ այդ գումարից 540 մլն դրամի չափով նվազեցվել է, և երրորդ որոշմամբ 400 մլն դրամի չափով ավելացում է տեղի ունեցել:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք 1.8 մլրդը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից:
Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ բյուջեն զամբյուղ է և այնտեղ հավաքագրվող գումարներից՝ նաև հիմնադրամից մուտքագրված միջոցներից են եղել դրանք:
Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտի մեկ այլ ծրագրով էլ 1.509 մլրդ դրամի ծախս է իրականացվել, և շեշտեց, որ կառավարության որոշումների հիմնավորումները հնարավոր չի եղել պարզել, քանի որ կառավարության կայքից բացակայում է 2019 թվականի վերջից մինչև 2020 թվականի դեկտեմբերը կայացած կառավարության նիստերի բոլոր օրակարգերն՝ իրենց հարցերով:
Քննիչ հանջնաժողով հրավիրված նախկին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից Արծվիկ Մինասյանը ցանկացավ ճշտել, թե ինչպես պետք է նույնականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված ծրագրերը և հետաքրքրվեց, թե արդյոք Ջանջուղազյանը ներգրավված եղել է հիմնադրամից գումարներ վերցնելու որոշում կայացնելու գործընթացին:
«Ֆինանսների նախարարության միջոցով այս հարցերին կառավարության տված պատասխանը ընդհանրական է և եզրակացության առումով ոչինչ չի տալիս»,- հայտարարեց քննիչ հանձնաժողովի նախագահը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ ֆինանսների նախարարությունն է պատասխանատու բյուջետային գործընթացների համար և ինքը ներգրավված է եղել որոշումների կայացմանը:
Նախկին նախարարը սկսեց ներկայացնել բյուջետային համակարգի մասին օրենքը և բացատրեց, որ հիմնադրամի միջոցները փոխանցվել են պետական բյուջեի ռեսուրսներ ծրագրին, որտեղից սկսվել է ծախսերի գործընթացը:
Մինասյանը հարցրեց, թե նախարարը շահերի բախում չի տեսնում, որ, լինելով կառավարության անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում կողմ է քվեարկել հիմնադրամից 42.7 մլրդ դրամ կառավարությանը փոխանցելու որոշմանը:
Ատոմ Ջանջուղազյանը պնդեց, թե իրավաբանների որոշելիքն է, թե որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամից գումարներ ՀՀ բյուջե ուղղելու քվերակությանը իր մասնակցությունն արդյոք շահերի բախում է եղել:
«Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ նվիրաբերությունը որոշակի նպատակով ընդունած իրավաբանական անձը, տվյալ դեպքում ՀՀ-ն պետք է վարի նվիրաբերված գումարի օգտագործման բոլոր գործառույթնների առանձնացված հաշվարկ»,- օրենքից մեջբերում արեց Մինասյանը և նախկին նախարարին խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ միայն գանձապետական հաշվից ենթահաշիվ է բացվել և այդ դեպքում ինչպե՞ս պետք է իրականացվեր այդ օրենքի պահանջը:
Նա նաև հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ կառավարությունն ամեն ամիս հիմնադրամին հաշվետվություն պետք է ներկայացներ, որը չի արել և միայն վերջում մեկ ամբողջական հաշվետվություն է ներկայացրել:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ հիմնադրամի միջոցները նպատակային բյուջետային մուտք չի համարվել, այդ պատճառով էլ չի անցել այդ ընթացակարգերը:
«Չեք կարողանալու ուղիղ կապ գտնել հիմնադրամի գումարների մուտքի և ելքի միջև, գործող կարգավորումները թույլ չեն տալիս կապել ելքը մուտքի հետ: 52.7 մլրդ-ի դիմաց դրվող ծախսերն ուղղակի ֆիզիկապես, գործնականում հնարավոր չի լինելու բացահայտել»,- դիմեց քննիչ հանձնաժողովին Ջանջուղազյանը և նկատեց՝ եթե ուզում են պարզել, թե ռազմական դրության ժամանակ արդյոք նպատակային են օգտագործվել գումարները, ապա պետք է դիտարկեն այդ նպատակով ներգրավված ևս 147 մլրդ դրամի ծախսերն ամբողջության մեջ:
Հանձնաժողովն ավարտեց հերթական նիստը, իսկ հաջորդ նիստը կգումարի հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան