Մարզերում բժշկական օգնության և սպասարկման հասանելիության խնդիր ունենք. Նարեկ Զեյնալյան
«Հայաստանում բժիշկների քանակը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է՝ 10 հազար բնակչին 35 բժիշկ» ,- ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բնակչության բժշկական օգնությանևսպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նա նշեց, որ Հայաստանում խնդիր է բժիշկների անահամաչափ բաշխվածությունը մարզերում և Երևանում. «Երևանում 10 հազար բնակչին բաժին է հասնում 88 բժիշկ, իսկ մարզերում՝ բավականաչափ պակաս է այդ թիվը: Օրինակ՝ Լոռու մարզում այդ թիվը 25 է, Արմավիրում՝ 14, Գեղարքունիքում՝ 15,9: Այսինքն մարզերում բժշկական օգնության և սպասարկման հասանելիության խնդիր ունենք»:
Ն.Զեյնալյանն ասաց, որ եթե բժիշկների քանակությունը համարժեք է միջազգային միջինին, միջին բուժանձնակազմի քանակը բավականաչափ պակաս է միջինից: Հայաստանում 10 հազար քաղաքացուն բաժին է հասնում 56,5 միջին բուժաշխատող, միջազգային միջինը՝ 88-ն է:
«Այստեղ ավելի շատ անելիք ունենք կադրերի պատրաստման և համապատասխան ուղղությամբ ուղղորդելու նպատակով»,- ասաց նա:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է. «Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով, յուրաքանչյուր տարի առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը կրթության բնագավառի պետական լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն՝ ընդհանուր մրցույթից առանձնացված միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով նպատակային ուսուցման անհրաժեշտ տեղերի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն ընդունելություն իրականացնելու համար:
Նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրով ընդունված ուսանողն ավարտելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու լիազոր մարմնի նախատեսած վայրերում՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի հետ կնքելով առնվազն հինգ տարվա աշխատանքային պայմանագիր:
Առողջապահության բնագավառում նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրերով շրջանավարտներն առնվազն տասը տարի անընդմեջ աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն յոթը նույն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ կարող են ստանալ սոցիալական երաշխիքներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Ա.Զեյնալյանն ասաց, որ այս փոփոխությունը շատ կարևոր է այն համատեքստում, որ առաջիկայում պլանավորում են գնալ ապահովագրական բժշկության, որպեսզի կարողանան բնակչությանը պատշաճ բժշկական օգնություն և ծառայություն մատուցեն:
Քննարկմանը ներկա առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ արդեն իսկ մի շարք ծրագրեր իրականացնում են, որն, իրենց կարծիքով, բավականաչափ չէ, այս նախագիծը հնարավորություն կտա ընդլայնել ու ավելի ուժեղացնել այդ ծրագրերը:
«Օրինակ, նպատակային օրդինատուրային ծրագիրը. 6 տարի սովորելուց հետո եթե մրցութային կարգով ընդունվում են օրդինատուրա, ավարտելուց հետո, նայած թե որ մասնագիտությունների կարիքն ունենք մարզերում, այդ մասնագիտություններով են օրդինատուրայի տեղերն իջեցվում: Եթե ընդունվում են, սովորելուց, ավարտելուց հետո պարտավորվում են 3 տարի ժամկետով աշխատել մարզերում: Ծրագիրը բավականին հաջողությամբ ընթանում է, մեր թափուր տեղերը համալրում ենք այս ծրագրի միջոցով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այլ ծրագրեր ևս կան:
Հանձնաժողովն ընդունեց օրենքի նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան