«Ապրելու երկիր»-ը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը
«Ապրելու երկիր» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանը Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը։ Այս մասին հայտնում են «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրացել է 2022թ հունվարի 3-ին։
«Նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում ՀՀ կառավարության 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընդ որում, հունվարի 4-ին ՀՀ կառավարությունը այդ որոշումը կայացրել է հեռակա քվեարկությամբ՝ չսպասելով հունվարի 5-ի հերթական նիստին՝ նպատակ ունենալով պահպանել օրենքով սահմանված ժամկետները։
2021թ․ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստը, և համայնքի ղեկավար է «ընտրվել» հունվարի 9-ի նիստին՝ 21-րդ օրը՝ օրենքի կոպիտ խախտումներով։ Այս փաստը հիմք է ՀՀ կառավարության կողմից օրենքի ուժով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար միավորված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ Սակայն, ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացրել ոչ միայն սեփական նախաձեռնությամբ, այլև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից 2022թ հունվարի 3-ի և հունվարի 5-ի ներկայացված դիմումների հիման վրա։ Ավելին, կառավարությունը մինչև այժմ չի պատասխանել խմբակցության նամակին՝ սպասելով քաղաքական որոշման։
Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմելու է դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։
«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում հավաքել է ձայների 49%-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27%: Համայնքի ութ բնակավայրերից երեքում «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 77-85% ձայներ»,- նշում են կուսակցությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Փարաքար խոշորացված համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցությունից Դավիթ Մինասյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ էին քվեարկել ավագանու 11 անդամները, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։
Ավագանու նիստին հայտարարվել էր, որ առաջիկա 5 տարիներին կառավարումը համամասնորեն կիսվելու է «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միջև, կլինի համատեղ կառավարում՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:
Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն նրանք նախքան համայնքապետի ընտրությունը վայր էին դրել մանդատները:
Հարակից հրապարակումներ`
- Փարաքար համայնքում կառավարումը կիսվեց «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցությունների միջև
- Փարաքարում ռումբի մասին ահազանգած կինը բերման է ենթարկվել ոստիկանություն
- Փարաքարում քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև
- Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է