Հայաստանից արտահանվող ապրանքախմբերում առաջին հորիզոնականում հանքահումքն է
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանից արտահանվող ապրանքների կառուցվածքն օրինաչափորն փոխվեց, քանի որ այլևս չկար այն շուկան, որի պահանջները բավարարելու համար տասնամյակներով պլանային զարգանում էր հանրապետության տնտեսությունը: Կոմունիստական կենտրոնական կոմիտեն խորհրդային հանրապետությունների միջև տնտեսական դերաբաժանում էր արել, որը հիմնված էր ոչ այնքան տվյալ հանրապետության ներքին հնարավորությունների վրա, այլ՝ որպեսզի վերջիններիս արտադրությունը միմյանց լրացնեն, հետևաբար՝ նաև իրարից կախված լինեն։ Այս սկզբունքով Հայաստանը, ունենալով գյուղատնտեսական լավ պայմաններ, վերածվեց արդյունաբերական և առաջին հերթին շրջակա միջավայրի համար վնասակար քիմիական արտադրության խոշոր երկիր:
Խորհրդային Հայաստանում արդյունաբերության ճյուղերն արագ սկսեցին զարգանալ Ստալինի մահից հետո, երբ ԽՍՀՄ կառավարության 1955թ. որոշմամբ միութենական հանրապետություններին թույլատրվեց ինքնուրույն տնօրինելու կենտրոնից հատկացվող ֆինանսական միջոցները։ Հանրապետությունում մեծ արագությամբ զարգացավ քիմիական արտադրությունը: 1960-1965 թվականներին շրջաններում կառուցվել են 300-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ և արտադրամասեր, որոնց արտադրանքի մեծ մասն արտահանվում էր։ 1969 թվականին սկսվեց ՀԱԷԿ-ի շինարարությունը, որի էլեկտրաէներգիայի միայն 25 %-ն էր սպառվում Հայաստանում, մնացածն արտահանվել է Ադրբեջան և Վրաստան։ Մեր երկրից արտահանվում էր նաև հանքանյութեր, ուժային տրանսֆորմատորներ, գինի, կոնյակ ծխախոտ: Խորհրդային Հայաստանից արտահանվում էր նաև մեծ ծավալի քիմիական արտադրանք՝ կաուչուկ, պարարտանյութեր և այլն:
Մինչ 1991 թվականի անկախության ձեռքբերումը՝ Հայաստանի տնտեսությունը հիմնականում խարսխված էր արդյունաբերության՝ քիմիական, մեքենաշինության, թեթև, գունավոր մետալուրգիայի վրա: Գյուղատնտեսությունը կազմում էր տնտեսության մոտ 20%-ը: Այն կարողանում էր էլեկտրաէներգիա մատակարարել հարևան պետություններին, քանի որ երկրում գործում էին ատոմակայանը (Մեծամոր), երեք ջերմային (Հրազդան, Վանաձոր, Երևան) և տասնյակ հիդրոէլեկտրակայաններ։ Կառուցվել էին Նաիրիտ արհեստական կաուչուկի գործարանը, Վանաձորի քիմիական գործարանը, մետաղաձուլական կոմբինատներ Կապանում, Քաջարանում ու Ալավերդիում, տեքստիլ ֆաբրիկաներ Գյումրիում։ Հայկական տեքստիլ ապրանքներն նույնպես պահանջարկ ունեին ԽՍՀՄ-ում:
Հետխորհրդային Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքախումբը հանքահումքն է՝ հիմնականում պղնձի և մոլիբդենի խտանյութը։ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջում առկա վերջին ամփոփ տվյալները 2020 թվականին են: Այդ ցուցանիշներով 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 828 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, որը կազմում է արտահանման 32.5%-ը։
Արտահանման ծավալներում 12.8%-ով երկրորդը պատրաստի սննդի արտադրանքներն են, որոնց արժեքը կազմել է 560 մլն դոլար:
Երրորդ խոշոր (11.8%) ապրանքախումբը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ադամանդը, ոսկին են, որոնք արտահանվում են արծաթի հետ ձուլվածքի տեսքով: 2020 թվականին այդ ապրանքների արտահանումից եկամուտը կազմել է 366 մլն դոլար:
Չորրոդ հորիզոնականում ոչ թանկարժեք մետաղներն և դրանցից պատրաստված իրերն են։ 2020 թվականին արտահանումը կազմել է 228 մլն դոլար։ Այս ապրանքախմբում են նաև մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ալյումինե նրբաթիթեղը: Վերջինս Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների թվում է։
Արտահանվող հինգերորդ խոշոր ապրանքախումբը բուսական ծագման արտադրանքն է՝ միրգն ու բանջարեղենը։ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 136 մլն դոլարի գյուղմթերք։
Արտահանվող խոշոր ապրանքախմբերից են մանածագործական իրերը (հագուստ, գործվածք, բամբակ, թելեր և այլն)։
Ըստ Վիճակագրության կոմիտեի՝ արտահանվող ապրանքախմբերի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնողները 2020 թվականին ապահովել են արտահանման 97%-ը, իսկ վերևում թվարկված 5 առաջատար խմբերը՝ արտահանման 83%-ը։
Արտահանվող ապրանքատեսակների մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի պղինձը: Հայաստանից արտահանվում է երեք տեսակի պղինձ՝ պղնձի խտանյութ, չզտած պղինձ և պղնձի ջարդոն: Պղնձի արտահանումը Հայաստանում տարեցտարի աճող դինամիկա է արձանագրում: Հայկական պղնձի ամենամեծ ներմուծողը Չինաստանն է: Նրան հաջորդում են Բուլղարիան և Վրաստանը: Հայաստանից պղնձի խտանյութի, չզտած պղնձի և ջարդոնի խմբաքանակ են ներկրում նաև Ռումինիան, Շվեյցարիան, Գերմանիան:
Վերջին տարիների տվյալներով՝ Հայաստանից տարեկան միջինն արտահանվում է 18 մլն լիտր ջուր: 2014-2019 թթ․ Հայաստանից արտահանվել է մոտ 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 100 մլն լիտր ջուր, նաև՝ հանքային:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ապրանքների և ծառայությունների արտահանման կառուցվածքում 5-6% է կազմում և այդ ցուցանիշով Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում։ Չնայած վերջին 7 տարիների ընթացքում այս ոլորտի արտահանումների ծավալը ավելացել է 2 անգամ, սակայն այն շատ փոքր է՝ տարեկան միջինը 1,5-2 մլն դոլար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի արտահանման մասնաբաժնով Հայաստանը գերազանցում է Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին:
Արտահանումներում զգալի մասնաբաժին ունեն նաև ծառայությունները: Արտահանման չափաբաժնում ավանդական ծառայությունների (տրանսպորտ, զբոսաշրջություն, շինարարություն, անձնական, մշակութային և ռեկրեացիոն ծառայություններ) տեսակարար կշիռը նվազում է, բայց աճում է ժամանակակից բարձր տեխնոլոգիական ծառայությունների (գործարար ծառայություններ և խորհրդատվական ծառայությունները), համակարգչային, տեղեկատվական, ֆինանսական, մտավոր սեփականության հետ կապված ծառայությունների մասնաբաժինը:
Ա. Վարդանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին