Լավրով. Ռուսաստանը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները կփոխանցի Ադրբեջանին
Ռուսաստանը սահմանների սահմանազատման, հետագայում նաև սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները կփոխանցի Ադրբեջանին: 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը հնարավորինս շուտ սկսելուն։ Սա չի վերաբերում Արցախի տարածաշրջանին և նրա խնդրի կարգավորմանը, սա զուտ երկկողմ հարց է, և արդեն մոտ մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք այդ հարցով սկսել աշխատել՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով։ Մենք նաև այդ հանձնաժողովին առաջարկում ենք մեր խորհրդատվությունը՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը և այլ կառույցները միայն ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունները։
Հենց երեկ ես այս թեմայով զրուցեցի իմ հայ գործընկերոջ հետ։ Կողմերից կան համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին պետք է պայմանավորվել, թե՝ ինչ պայմաններով։ Դրանք ներկայում քննարկվում են, որոնցում կան տարբերություններ։ Մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք պետք է նստենք և պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծենք բոլոր այն հարցերը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ (2021 թվականի դեկտեմբերին) սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել։
«Նույնիսկ մամուլի հետ շփվելու ժամանակ հույս հայտնվեց, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտը, բայց կյանքն ավելի բարդ է… Հայկական կողմի մոտ նոր առաջարկներ ի հայտ եկան, դրանք փոխանցում ենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես կարելի է այն (հանձնաժողովը) աշխատեցնել որքան հնարավոր է շուտ: Կրկին ընդգծում եմ, որ տարբերություններն այն մասին են, թե ինչ պետք է արվի, որպեսզի այն սկսի գործել: Դժվար կլինի։ Այս հարցի քննարկման ժամանակ մենք համոզվեցինք, որ, հավանաբար, օպտիմալ կլինի ստեղծել հանձնաժողովը՝ իր օրակարգում ներառելով առաջնահերթ լուծում պահանջող հարցեր»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է խնդրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից մեկի հայտարարության վերաբերյալ, որը դատապարտել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը հանրապետություն հրավիրելու Ղազախստանի որոշումը։
«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն է եղել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու Ղազախստանի գործողությունները։ Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներին բացատրել, թե դա ինչ է նշանակում»,-ասել է նա և հավելել. «Բայց պաշտոնյաները ոչ մի բացասական մեկնաբանություն չեն արել, ինչպես նաև՝ Ադրբեջանի պաշտոնատար անձինք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները