Ալիևը հատուկ թիրախավորել է Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` վերջերս տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին.
«Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլյամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։
Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։
Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։
Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Միակ հարցը, որով Ալիևը հանգիստ է, դա իր կողքին Հայաստանի՝ նման որակի իշխանություն ունենալն է. Աբրահամյան
- Ալիևն ասել է՝ ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ առարկություններ ունեն
- Ալիևը հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան