ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է REvil հաքերային խմբի չեզոքացման մասին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ԱՄՆ-ի խնդրանքով գործողություն է իրականացրել հաքերային REvil խմբի դեմ։ Կան ձերբակալվածներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։
Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնի հաղորդագրությանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա հուլիսին կիբերխարդախության աշխարհի խոշորագույն խմբերից մեկի հետ կապված կայքերը դադարեցին արձագանքել: Դա տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից մի քանի օր անց։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ պարզել է REvil հանցավոր խմբի ողջ կազմը, նրանց մասնակցությունը դրամական միջոցների անօրինական շրջանառությանը, փաստագրված է նրանց հակաօրինական գործունեությունը։
Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ խմբի անդամների հետախուզման համար հիմք է հանդիսացել ԱՄՆ համապատասխան մարմինների դիմումը։
Հաքերային խմբի 14 անդամների մոտից առգրավվել են 426 մլն ռուբլի, այդ թվում կրիպտոարժույթ, 600 հազար դոլար, 500 հազար եվրո, համակարգչային սարքավորումներ, կրիպտոդրամապանակներ և այլն։ Այս ամենի մասին տեղեկացվել են ԱՄՆ իշխանությունները։
Նշվում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին չի տրամադրի խմբի այն անդամներին, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն։ Միաժամանակ չի հստակեցվում, արդյոք խմբի բոլո՞ր անդամներն են Ռուսաստանի քաղաքացիներ։
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա հունիսի 16-ին Ժնևում կայացած Պուտին-Բայդեն հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն ՌԴ իշխանություններին մեղադրեց հաքերային այս խմբի գործունեության հետ կապ ունենալու համար։ Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով, հաքերային խմբերը Ռուսաստանի տարածքից հարձակումներ էին գործում ինչպես ԱՄՆ պետական մարմինների, այնպես էլ ընկերությունների նկատմամբ։
Հուլիսի 9-ի հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկվել է այդ հարցը, Բայդենը նշել է, որ հաքերային հարձակումները շարունակվում են։ ԱՄՆ նախագահը Ռուսաստանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել կիբերհանցագործների նկատմամբ, միաժամանակ զգուշացրել, որ ԱՄՆ-ն պատրաստ է կիրառել միջոցներ իր քաղաքացիների և ենթակառույցների անվտանգության ապահովման համար։
Մի քանի օր անց REvil-ի հետ կապված կայքերն այլևս որոնումներին չէին արձագանքում։ Մասնագետները չէին կարողանում պատասխանել հարցին, արդյո՞ք, դա կապ ուներ Պուտին-Բայդեն զրույցի հետ, թե՞ ոչ։
REvil հաքերային խումբը, որը հայտնի է նաև Sodinokibi անունով, հաքերային խոշորագույն խմբերից է։ Այն ամեն ամիս իրականացնում էր ավելի քան 15 հարձակում։