Հաքերներն արգելափակել են Ուկրաինայի կառավարության և մի շարք գերատեսչությունների կայքերի աշխատանքը
Ուկրաինայում հունվարի 14-ի գիշերը գլոբալ հաքերային հարձակում է տեղի ունեցել կառավարական կայքերի վրա։ Լուրը հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ լրատվական գործակալության՝ այդ մասին պաշտոնական տեղեկություն է հայտնվել Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարությամ ֆեյսբուքյան էջում։
«2022 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած գլոբալ հարձակման պատճառով ԿԳՆ պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Չեն աշխատում նաև Արտաքին գործերի նախարարության, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, կառավարության կայքերը։
Արտաքին գործերի նախարարության գլխավոր էջում երեք լեզուներով՝ ուկրաիներեն, ռուսերեն և լեհերեն գրված հայտարարություն կա, որում ասվում է.
«Ուկրաինացինե՛ր, ձեր բոլոր անձնական տվյալները վերբեռնվել են համացանց: Համակարգչային բոլոր տվյալները ոչնչացված են, անհնար է դրանք վերականգնել: Ձեր մասին բոլոր տեղեկությունները դարձել են հրապարակային: Սա ձեզ՝ անցյալի, ներկայի և ապագայի համար, Վոլինի համար, OUN UPA-ի համար (ծայրահեղական կազմակերպություն՝ Ռուսաստանի Դաշնությունում ), Գալիցիայի, Պոլեսիայի և պատմական հողերի համար»: