Վազգեն Ռշտունի. Ծանոթ չեմ մեկ այլ վարույթի, որ ԱՆ-ն իր նախաձեռնությամբ ուսումնասիրի դատավորի գործերն ու վարույթ հարուցի
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարծում է՝ շատ չեն լինի այն դատավորները, ովքեր կցանկանան բոյկոտել այսօր նախատեսված Դատավորների միության նախագահի ընտրությունը: Նա իր կարծիքը հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Ես չեմ հասկանում, թե որն է բոյկոտելու իմաստը, պատճառը, քանի որ տարիներ շարունակ մենք չունենք միության նախագահ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ): Ժողովից հետո կկայանա նաև Դատավորների միության նախագահի ընտրություն:
Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
Խոսելով կոնկրետ Ալեքսանդր Ազարյանի թեկնածության մասին, Վ.Ռշտունին նշեց, որ նախքան ինքնաառաջադրվելը, Ա. Ազարյանը խորհրդակցել է իր կոլեգաների հետ, մի շարք կոլեգաներ հենց նրան են առաջարկել ինքնաառաջադրվել, քանի որ նա հանդիսանում է դատական իշխանության, դատական համակարգի գոնե քրեական արդարադատության ոլորտում առաջամարտիկներից մեկը, հետևաբար տրամաբանական է, որ նրան առաջարկել են ինքնաառաջադրվել՝ հույս ունենալով, որ լավագույն ձևով կներկայացնի դատավորի շահերը հանրային հարաբերություններում որպես հասարակական կազմակերպության ղեկավար:
Ինչ վերաբերում է իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, ինչպե՞ս է մեկնաբանում այդ գործընթացը, Վ. Ռշտունին ասաց, որ իր արտահայտած ցանկացած կարծիք կարող է սուբյեկտիվ հնչել, դրա համար զերծ մնաց իր մասով գնահատականներ տալուց:
«Մեր ասելիքները կներկայացնենք արդեն ԲԴԽ նիստերի ընթացքում: Կարծում եմ՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարծիք ու համոզմունք կձևավորվի, թե որն էր նպատակը և ինչքանով էր իրավաչափ այդ կարգապահական վարույթի հարուցումը»,- ասաց դատավորը:
Հարցին՝ արդարադատության նախարարությունն իր սեփական նախաձեռնությամբ է ուսումնասիրության կատարել, այսինքն որոշ դատավորների գործունեությունը խոշարացույցով ուսումնասիրության առարկա է, նման տպավորություն կա՞, Վ.Ռշտունին ասաց. «Անկեղծ ասած, այդպես է եղել: Ես ճիշտն ասած ծանոթ չեմ մեկ այլ վարույթի, որ նման ձևով, իրենց նախաձեռնությամբ իրենք ուսումնասիրեն դատավորի գործերն ու վարույթ հարուցեն: Այդ ամեն ինչի մասին մենք կխոսենք դատական նիստի ժամանակ»:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում նրա շահերը կներկայացնի «Իրավական ուղու» համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Իրավական ուղի» ՀԿ-ից հայտնում են, որ Խորհրդին ներկայացվել է միջնորդություն հունվարի 17-ին նշանակված նիստը մեկ շաբաթով հետաձգելու մասին՝ այն հիմքով, որ դատավորի ներկայացուցիչը կարճաժամկետ բացակայելու է Հայաստանից։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ համար անհասկանալի է, թե Վազգեն Ռշտունին ինչով է խախտել վարքագծի կանոնը. դատավոր Մխիթար Պապոյան
- Դատավոր Հարությունյան. Ցանկություն էլ չունեն էլեկտրոնային մակագրման համակարգիչները վերադարձնել
- Դավիթ Հարությունյան. Հույս ունեմ՝ Ազարյանը կընտրվի ու կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ
- Կարծում եմ՝ դատավորների նկատմամբ բացահայտ ճնշումներ եղել են գործադրի ներկայացուցիչների կողմից. Ալեքսանդր Ազարյան
- Ես այստեղ չարամտություն եմ տեսնում, թիրախավորում են դատավորներին. Արման Հովհաննիսյան
- Ես աջակցելու եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությանը. Զարուհի Նախշքարյան
- HelpCourt. 2021-ի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորն է Վազգեն Ռշտունին