ԱՄՆ-ում անվճար կբաժանվեն դիմակներ և տնային թեստային փաթեթներ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի տարածման դեմ պայքարում կառավարությունը դիմում է նոր քայլերի: Ըստ նրա, ամերիկացիները կստանան անվճար դիմակներ և ևս 500 միլիոն անվճար տնային թեստային փաթեթներ` դրանց ընդհանուր թիվը հասցնելով 1 միլիարդի: Բժշկական ապահովագրություններ ունեցող անձինք, ըստ Բայդենի, կարող են փոխհատուցվել ամսական ութ թեստավորման համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Սակայն հիվանդության դեմ գլխավոր պայքարի ձևը մնում է պատվաստումը: Այս մասին նորից է հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը, հիշեցրել նաև երրորդ չափաբաժնի կարևորության մասին:
Կորոնավիրուսային հիվանդության տարածման ներկա արագությունը կապված է omicron ենթատեսակի հետ: Չնայած այն հիմնականում հարուցում է հիվանդության ավելի մեղմ տեսակ, արագ տարածման արդյունքում հոսպիտալացումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի:
Առողջապահության բնագավառի մասնագետները վստահեցնում են, որ պատվաստումների ցածր մակարդակի պատճառով վիրուսը ստանում է բազմանալու և նոր ենթատեսակներ առաջ բերելու հնարավորություն:
Բայդենի վարչակազմը խոստացել է այս տարի աշխարհին նվիրաբերել 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ, և հորդորել է հարուստ մյուս երկրներին մեծացնել իրենց պատվաստանյութերի նվիրաբերումների ծավալը: