Ջոնսոնն ու Էրդողանը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանների մոտ ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է երկու քաղաքական գործիչների ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցից հետո բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Նրանք կիսել են նշանակալի մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի կուտակման վերաբերյալ և ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ խուսափելու հետագա էսկալացիայից: Կողմերը հավատարիմ են ՆԱՏՕ-ի միջոցների օգտագործմամբ շարունակելու աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասվում է կոմյունիկեի մեջ:
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը լարվածության դատարկ և անհիմն սրացման փորձ է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների դիմելու հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։
Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հարցերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև առևտրի և ներդրումների ծավալների ավելացման ուղիները: