Կիբերհարձակում` ընդդեմ Ուկրաինայի կառավարության, պաշտպանության եւ անվտանգության նախարարությունների
Հինգշաբթի օրը գիշերն Ուկրաինայի պետական հաստատությունների ինտերնետային կայքերը ենթարկվել են կիբերհարձակման, որոնց մի մասն ուրբաթ օրը շարունակում էր մնալ անհասանելի: Ինչպես ‘’Ռոյթերս’’-ն է հաղորդում, երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դեռեւս շատ վաղ է, ասելու համար, թե ով կարող է կանգնած լինել հարձակման հետեւում: Լրատվական նույն գործակալությունը հիշեցնում է անցյալում Ռուսաստանի կողմից իրականացված նման հարձակումների մասին:
Կիբերհարձակման թիրախում հայտնված հաստատությունների շարքում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, նախարարների խորհուրդը, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության խորհուրդները: Հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կիեւն ու նրա դաշնակիցները մտահոգված են այս երկրի սահմանի երկայնքով ռուսական զորքերի կուտակման փաստով:
Ամերիկայի ձայնը գրում է, որ Հաքերային հարձակման ենթարկված հաստատությունների ինտերնետային կայքերում հայտնվել են էջեր հետեւյալ գրությամբ. ‘’Ուկրաինացիներ, ձեր մասին ամբողջ տեղեկությունը հանրայնացված է, վախեցեք եւ սպասեք ավելի վատին: Սա ձեր անցյալի, ներկայի եւ ապագայի համար է’’:
‘’Ռոյթերս’’-ը հաղորդում է նաեւ, որ ռուս դիպուկահարները հինգշաբթի օրը մասնակցում էին Ուկրաինայի սահմանի մոտ Ռոստովի մարզում անցկացվող զորավարժություններին։
Նրանք անցկացրել են քողարկման, թիրախների դասակարգման, կրակի ուղղման, դիտորդական և թիրախային սարքերի կիրառման վարժանքներ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մտահոգված է Ուկրաինայի մերձակայքում Արեւմուտքի կողմից զորքեր տեղակայելու փաստով: Վաշինգտոնից այն պահանջում է թույլ չտալ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ եւ դադարեցնել հյուսիսատլանտյան դաշինքի առաջխաղացումը դեպի արեւելք: Պահանջներ, որոնք Վաշինգտոնը համարում է անընդունելի ու իր հերթին հորդորում Մոսկվային հետ քաշել ռուսական ուժերն Ուկրաինայի հետ սահմանից:
Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական ներխուժում սկսելու հավանականությունը մեծ է: Ռուսաստանը շարունակում է հերքել դեպի Ուկրաինա ներխուժում իրականացնելու հնարավորության մասին Արեւմուտքի կասկածները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին