Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնն է
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը։
Qahana.am կայքից տեղեկանում ենք, որ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ս. Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Ս. Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:
Ս. Հովհաննես Մկրտիչը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա Ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Սուրբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Հովհաննես Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44):
Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի նրան, ով կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: (Ղուկ. 1:45):