Սեքսուալ համատեքստ ու պարտության վախ. Ինչպե՞ս է Պորոշենկոյի կուսակցությունը սատարում նրան
«Մարտում պետք է Պորոխ, և ոչ թե վաԶելին»,-նման կարգախոս է ընտրել «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն ի աջակցություն իր առաջնորդի՝ Պյոտր Պորոշենկոյի, որին հունվարի 17-ին դատարանը կարող է կալանավորել։
Կուսակցության կենտրոնական շտաբի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել մարդկանց գնալ Կիևի օդանավակայան՝ դիմավորելու արտասահմանից ժամանող Պորոշենկոյին, ապա կազմակերպված կերպով տեղափոխվել դատարանի շենքի դիմաց, որտեղ քննելու են Պորոշենկոյի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։
Հենց Տուրչինովն էլ գրառմանը կից հրապարակել է այդ կարգախոսով լուսանկարը։
Ուկրաինայում նախկին նախագահ Պորոշենկոյին հաճախ կրճատ Պորոխ են անվանում, իսկ գործող նախագահ Զելենսկուն՝ Զե։ Երկու դեպքում էլ այն ջերմ զգացումների, քաղաքական գործիչների նկատմամբ համակրանքի արտահայտում է։
Հիշեցնենք, որ վերջին նախագահական ընտրություններին Վլադիմիր Զելենսկին իր ընտրարշավն իրականացնում էր «Զե! Նախագահ» կարգախոսով։ Սակայն «Մարտում պետք է Պորոխ, և ոչ թե վաԶելին»-ի մեջ Զե-ն օգտագործվում է բացասական իմաստով ու հակադրվում «Պորոխին»,որը թարգմանաբար նշանակում է վառոդ, պայթուցիկ նյութ։
Այս ձևակերպման մեջ «պորոխ»-ն ասոցացվում է կրակի, մարտի, հաղթանակի հետ, իսկ «վաԶելին»-ը սեքսուալ ենթատեքստի պատճառով նվաստացման հետ։
Առաջին անգամ «Մարտում պետք է Պորոխ, և ոչ թե վաԶելին» կարգախոսն ուկրաինացիները լսեցին 2019 թվականի գարնանը «Պուլի» (“Кулі”-ուկր.) խմբի երգում։ Խմբի անդամներն իրենց համարում են ռազմահայրենսիրական երաժիշտներ։ Նրանք այդ երգը գրել էին ի աջակցություն Ուկրաինայի նախագահի թեկնածու Պորոշենկոյի։
Սակայն այն հայտնի չդարձավ. YouTube -ում տեսահոլովակը դիտել է 35 հազար մարդ, ինչն Ուկրաինայի դեպքում փոքր թիվ է։
Վերջին շրջանում Պորոշենկոյի դեմ տեղեկատվական արշավն ակտիվացել է կապված հունվարի 17-ին դատարանում նրա նկատմամբ խափանման միջոցի միջնորդության քննարկման հետ։ Նրան կասկածում են պետական դավաճանության ու ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ Ուկրաինայի վերահսկողության ներքո չգտնվող Դոնբասի տարածքներից ածուխի մատակարարման գործով։
Քննիչները կարծում են, որ Ուկրաինայի հինգերորդ նախագահը մասնակցել է «Ընդդիմադիր պլատֆորմ հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար և ՌԴ նախագահի կնքահայր Վիկտոր Մեդվեդչուկի սխեմային։ Իբր նա օգնել է խափանել Հարավային Աֆրիկայից ածխի մատակարարումը, որպեսզի Ուկրաինային մատակարարվի Դոնբասում արդյունահանված ածուխը։
Պորոշենկոն մեղադրանքը չի ընդունում։ Դեկտեմբերի կեսերին նա մեկնել էր արտասահման՝ հայտարարելով, որ հունվարի 17-ին կվերադառնա ու դատարան կներկայանա։ Նրա փաստաբանն ասել էր, որ Պորոշենկոյի ընտանիքը վաղուց էր ծրագրել արտերկիր մեկնելը։ Սակայն Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հայտարարել է, որ տոմսերը գնվել են նույն օրը, երբ փորձել են նախկին նախագահին ծանուցագիր հանձնել։
Պորոշենկոյի դեմ սա առաջին քրեական գործը չէ, որ հարուցվել է 2019-ի նախագահական ընտրություններում նրա տարած պարտությունից հետո։ 2020-ի հուլիսին Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարեց, որ Պորոշենկոյի դեմ 24 քրեական գործ կա հարուցված։ Պորոշենկոյի կողմնակիցները դրանք որակում են քաղաքական հետապնդումներ։
Զելենսկու կարգախոսն ընտրություններին առավելագույնս պոպուլիստական էր՝ գարուն կգա, ու մենք ծառ կտնկենք։ Սակայն մինչ օրս որևէ աղմկահարույց քննություն չի ավարտվել դատավճռով կամ քաղաքական գործչի մեղքն ապացուցելով։
Միաժամանակ, Զելենսկու պաշտոնավարման առաջին ժամկետը մոտենում է ավարտին։ Հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024-ի գարնանը։ Ավանդաբար Ուկրաինայում նախընտրական պայքարը մեկնարկում է քվեարկությունից 1.5-2 տարի առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները