44-օրյա պատերազմի մասնակից նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանն ուզում է սիրուն բաներ ստեղծագործել
Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանը 1 տարի երկու ամիս արդեն իր սրբազան պարտքն էր մատուցում հայրենիքին՝ ծառայում էր հայոց բանակում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ժամկետային զինծառայողը Թալիշում էր այդ օրերին, որտեղ էլ վիրավորվել է հոկտեմբերի 2-ին բայրաքթարի հարվածից:
Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծայրահեղ ծանր տեղափոխվել է Այրավածքաբանական կենտրոն, 24 օր՝ կյանքի ու մահվան արանքում է եղել, այնուհետև Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ոտքի վիրահատության է ենթարկվել։
«Վիրահատվել եմ, վերականգնողական կուրսերի եմ գնում: Այժմ լսողական խնդիրներ ունեմ»,- ասաց երիտասարդ արվեստագետը:
Բենը սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ մագիստրատուրա 1-ին կուրս: Առայժմ քանդակներ չի ստեղծում, իսկ պատերազմից հետո 1-2 կտավ է նկարել: Վստահեցնում է՝ մոտ ժամանակներում կսկսի նորից ստեղծագործել: Չնայած այն, ինչ տեսել ու ապրել է Բենը պատերազմի օրերին, նրա արվեստում տեղ չեն գտնի։
«Իհարկե, այդ ամենն իր ազդեցությունն ունեցել է իմ ներաշխարհի վրա, բայց չեմ արտահայտի արվեստի միջոցով, չեմ ուզում իմ էմոցիաներն արտահայտել արվեստի գործերում: Ուզում եմ ավելի սիրուն, ռեալ բաներ ստեղծագործել՝ պատերազմի հետ կապ չունեցող»,- ասաց Բեն Պողոսյանը:
Ընդգծեց՝ պատերազմից հետո սկսել է կյանքին ավելի շատ կարևորություն տալ, կյանքին ավելի ռեալ նայել:
Լուսանկարները՝ Բեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ սպասում էինք թշնամուն, բայց անակնկալ զինադադար կնքվեց. պատերազմի մասնակից ռեժիսոր Տիգրան Նալչաջյան
- Մեր հերթն էր կռվելու, շանս չկար սաղ մնալու, բայց դե նորմալ էր. Պատերազմի մասնակից ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Պատերազմի մասնակից, նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանն օգնության կարիք ունի
- Պատերազմի մասնակից Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը կբացվի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները