ԱԺ-ն առաջիկա քառօրյայում կընտրի Մարդու իրավունքների պաշտպան
Հունվարի 14-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, որ Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի և հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրություն, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրություն:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Արթուր Մանուկյանի և Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունները:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Գործող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդ պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
ՀՀ-ում Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից: Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:
Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք ՄԻՊ թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է լսել Փաշինյանին, բայց անել այն, ինչն ինքն է մտածում
- ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի կիսում Ալեն Սիմոնյանի՝ Արման Թաթոյանի զեկույցները կասկածի տակ դնող մոտեցումները
- ԱԺ հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը
- ԱԺ հանձնաժողովը դեմ է քվեարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության թեկնածուին
- Իշխանությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Քրիստինե Գրիգորյանին, որովհետև առաջադրման առաջարկները մերժել են բոլոր բարձր հեղինակություն ունեցող իրավաբանները. Բաբայան
- ՔՊ-ն քվեարկությամբ ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրեց Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների լոբբիստին