ԱՄՆ-ը էներգետիկայի ոլորտի ընկերությունների հետ քննարկել է Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտի դեպքում Եվրոպա մատակարարումների հարցը
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել էներգետիկայի ոլորտի միջազգային ընկերությունների հետ՝ Եվրոպա գազի մատակարարման հնարավոր ծրագրերի վերաբերյալ՝ այն դեպքում, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հետևանքով գոյություն ունեցող ուղիները խափանվեն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ հայտնել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներին։
«Մենք նաև խորհրդակցություններ ենք անցկացրել էներգետիկ ընկերությունների հետ, նրանց հետ խոսել ենք մեզ հուզող հարցերի մասին և մի շարք արտակարգ իրավիճակների մասին», - մեջբերում է գործակալությունն աղբյուրներից մեկի խոսքերը։ Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն խնդրել ընկերություններին ավելացնել արտադրության ծավալները։
Գործակալության տվյալներով՝ ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե անհրաժեշտության դեպքում ընկերությունները որտեղից կարող են գազի հավելյալ ծավալներ ստանալ։ Ի պատասխան՝ ընկերությունների ներկայացուցիչները ամերիկացի դիվանագետներին ասել են, որ գազի համաշխարհային մատակարարումները սահմանափակ են, և քիչ գազ կա Ռուսաստանից մատակարարվող մեծ ծավալներին փոխարինելու համար։
Խորհրդակցությունները ղեկավարել է Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոքսթինը։ Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, մատակարարումների հնարավոր ընդհատումների մասին է, որոնք կարող են առաջանալ, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Մոսկվայի և Կիևի միջև կոնֆլիկտի բռնկման պատճառով։
Իր հերթին, էներգետիկ ոլորտի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ «ԱՄՆ-ը խոստացել է օգնել Եվրոպային այն դեպքում, եթե հակամարտությունների կամ պատժամիջոցների պատճառով էներգետիկ ոլորտում դեֆիցիտ լինի»։ «Ամոսը խոսում է սեղմած գազ վաճառող խոշոր ընկերությունների և Կատարի նման երկրների հետ՝ պարզելու, թե արդյոք նրանք կարող են օգնել Միացյալ Նահանգներին»,-հայտնում է պարբերականը: