Կիսլովոդսկում հայտնաբերվել է մեկուկես տարեկան երեխայի դանակահարված դի
ՌԴ Ստավրոպոլի մարզի Կիսլովոդսկ քաղաքի հանրակացարաններից մեկի մուտքում հայտնաբերվել է մեկուկես տարեկան երեխայի դի՝ դանակի հարվածների բազմաթիվ վնասվածքներով: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հունվարի 15-ի առավոտյան Կիսլովոդսկի հանրակացարանի աստիճանավանդակում մեկուկես տարեկան երեխայի դի է հայտնաբերվել»,-ասվում է ՌԴ Ստավրոպոլի երկրամասի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ սպանության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել թեժ հետքերով։ Պարզվել է, որ նա 54-ամյա տղամարդ է։ Փաստի առթիվ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105 (անչափահասի սպանություն) հոդվածի 2-րդ մասի «գ» կետով հարուցվել է քրեական գործ։:
Մարզային դատախազությունից պարզաբանել են, որ մեկուկես տարեկան երեխային մի քանի ամիս պարբերաբար թողել են դայակի մոտ։ Հերթական անգամ, երբ ծնողները երեխային բերել են, կինը տանը չի եղել, և որդուն թողել են զուգընկերոջ մոտ, ով «դանակահարելով սպանել է նրան»։
Նշվում է, որ Ստավրոպոլի երկրամասի դատախազ Ալեքսանդր Լորենցն անձամբ է վերահսկելու այս քրեական գործի քննությունը։