Դեռ վաղ է խոսել Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն շրջադարձային պահը եկել է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդեն չեղյալ է հայտարարվել, մի շարք տարածաշրջաններում այն ևս կչեղարկվի», - ասել է Զասը:
Նրա խոսքով, կա սահմանափակումների փուլային մեղմացում, երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:
«Տեսանելի է, որ իրավիճակում արդեն շրջադարձային կետ է եղել։ Երևի թե վաղաժամ կլինի ասել, որ իրավիճակը կարգավորվել է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նույն օրը նա դիմել էր նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
ՀՀ ԶՈւ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար: Հայ խաղաղապահները հունվարի 14-ին վերադարձել են Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են հայրենիք
- ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարները ստորագրել են Ղազախստանից խաղաղապահների վերադարձի մասին որոշում
- Ղազախստանում ստեղծված իրավիճակը հաստատեց ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույց․ Տոկաև
- Տոկաև. Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը կավարտվի մոտ ապագայում, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին