Ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել Արցախի 69-ամյա բնակչին
Արցախի Հանրապետության քաղաքացին, ով երեկ հայտնվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու վերցվել արգելանքի, դեռ չի վերադարձվել հայկական կողմին։
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցություններ են ընթանում Արցախի քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։
«Մինչև օրվա վերջ ավելի հստակ կլինի, թե երբ կվերադարձվի»,- նշեց նա։
Ն. Ալեքսանյանն ասաց, որ մինչև պատերազմը 69-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը բնակվում էր Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում, որն այժմ թշնամու վեահսկողության տակ է։
«Հաշվի առնելով, որ կռվից հետո է տեղափոխվել Բերձոր, երեկ էլ եղանակը մառախլապատ էր ու ձյուն, ըստ երևույթին, մոլորվել է»,- նշեց Բերձորի քաղաքապետը։
Հիշեցնենք՝ երեկ Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հայտնել էր, որ Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել էր ռուս խաղաղապահներին։
Հիշեցնենք նաև, որ 2021 թ. դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի մոտակայքում Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱՀ ԱԱԾ
- Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ
- Արցախի բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱՀ ԱԱԾ
- Ադրբեջանցիների կողմից առևանգված Սեյրան Սարգսյանի դիակի վրա հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ. ԱՀ ՔԿ
- Ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին․ ԱՀ ՄԻՊ
- Արցախցին հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան