Կողմ ենք՝ առանց նախապայմանների սահմանները բացվեն և հարաբերություններն օր առաջ կարգավորվեն. ԱԺ փոխնախագահ
Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցեր ուղղեց ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանին հունվարի 14-ին Մոսկվայում կայացած Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումից։
«Հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվում, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, կարո՞ղ եք պարզաբանել, թե որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալ այդ պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու փորձ անելու համար»,- հարցադրումներ արեց Ա. Խամոյանը։
Հակոբ Արշակյանն ասաց, որ անկախության հաստատումից ի վեր, այն ժամանակ, երբ որ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել, սահմանները փակել է Հայաստանի հետ, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։
«Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի կառավարությունն այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք առանց նախապայմանների կողմ ենք սահմանները բացվեն և հարաբերություններն օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, որ իր կողմից բարձրացված հարցերից որևէ մեկին պատասխան չստացավ։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց՝ նշելով, որ այս այս հարցերը կամ կառավարության հարցուպատասխանին կարող են տալ, կամ՝ հետո, մոտենալ իրեն, նույնիսկ սուրճ կհյուրասիրի պատգամավորին, կամ պահը կգտնի ու հրապարակավ կպատասխանի հարցերին։
Այնուհետև ասաց, որ կպատասխանի հարցերին. «Եթե հիշում եք, դեռևս նախորդ տարի նախ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ կա պրոցես, հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերալ, ինչը հաստատեց ՀՀ ԱԳՆ-ն։ Դրանից հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին, ՀՀ ԱԳՆ-ն ողջունեց ու ասաց՝ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Այնուհետև թուրքական կողմը, ապա Հայաստանը նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ։ Բուն տեղի ու վայրի վերաբերյալ պայմանավորվածությունը տեղի է ունեցել ռուսական կողմի օգնությամբ նաև։
Կառուցողական մթնոլորտ ասելով՝ նկատի ունենք կառուցողական մթնոլորտ։ Մամուլի հաղորդագրություններ են հրապարակել Հայաստանն ու Թուրքիան, նշված է թե ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները, հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ արտգործնախարարությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյան
- ԱԳՆ. Ռուբինյան-Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում