Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում
Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: Հայ-եվրոպական մշակութային կենտրոնի հաղորդմամբ, 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում` Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Այն միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում և թվագրվում է հեթանոսության ու հելլենիզմի դարաշրջանով։
Պարբերականի կողմից հրապարակված ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը և աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:
Երկրորդ տեղում է հին հռոմեական երկնքի, լույսի և ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք և ավարտվել Ներոն կայսեր օրոք (մ.թ. 37-68)՝ գտնվում է հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան):
Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին եւ կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան