Քննարկվել են ԵԱՏՄ քաղաքացիների պատվաստման վկայականների փոխճանաչմանն առնչվող հարցեր
Ընդգծվել է COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը, ինչպես նաև անդամ-պետությունների կողմից իրականացվող գործողությունները համավարակի կայունացման ուղղությամբ։
Մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, պայմանավորվել իրենց հետագա անելիքների շուրջ։ Մասնավորապես՝ քննարկվել են ԵԱՏՄ քաղաքացիների պատվաստման վկայականների փոխճանաչման, Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման գործում համաձայնեցված մոտեցմանն ուղղված և մի շարք այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։