Այո, ես այդ Ադրբեջանի հետ ուզում եմ հարևանական հարաբերություններ ունենալ. Խաչատուր Սուքիասյան
«Ես այդ Ադրբեջանի հետ, այո, ում հետ մենք թշնամիներ են, մենք այդ թշնամությունը չենք տեղափոխելու մեր զավակներին, մեր սերունդներին, մենք պետք է կարգավորենք»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե հարևան Ադրբեջանի հետ ուզո՞ւմ եք լավ հարաբերություններ ունենալ, խոսքն այն նույն Ադրբեջանի մասին է, որը մի քանի օր առաջ երեք 18-ամյա տղաների սպանեց։
Նա նշեց, որ իրենք պետք է կարգավորեն հարաբերությունները. «Նույն ձևով, ինչպես դուք եք հարցը տալիս, երբ որ փոխհրաձգություն է լինում, նրանց մոտ նույնպես զոհեր են լինում, նրանք նույն ձևով են խոսում, չէ՞։ Մենք պետք է քաղաքակիրթ լինենք։
Նախ առաջին՝ ես չգիտեմ ինչից է սկսվել այդ ամեն ինչը։ Երկրորդ՝ մենք պետք է լուռ, նյարդերը զսպած այդ ամեն ինչը կառավարենք։ Իհարկե, լինելու են դեպքեր, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գիտեք՝ ինչ տարածաշրջանում ենք ապրում, գիտեք՝ ինչ հարևաններ ունենք, ու մենք պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որպեսզի մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»։
Լրագրողի դիտարկմանը, թե հաշտ ապրելու եք այն մարդկանց հետ, ովքեր սպանել են երեխայի, Խ.Սուքիասյանն արձագանքեց.
«Ձեզ էլ են սպանել, մնացածին էլ են սպանել, անգլիացին սպանել է ֆրանսիացուն, ֆրանսիացիները՝ անգլիացիներին, հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։
Մենք պետք է հարգենք մեր հարևաններին, նրանք մեր իրավունքները, մենք նրանց իրավունքները։ Մեր գործը մեր հարևանների հետ ուղղակի հարաբերությունները հստակեցնելն է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նրա կարծիքով, հարևան Ադրբեջանի հետ հնարավոր է ունենալ հարևանական հարաբերություններ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը
- Գեղարքունիքում զոհված զինծառայողները պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով
- Ադրբեջանական սադրանքից հետո ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայողի դի. ՊՆ
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան