Նազարբաևի մահվան մասին հայտարարությունների հետքերով
Վերջին շրջանում ռուսական մամուլում հաճախ են հնչում կարծիքներ, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մահացել է, նրան հուղարկավորել են։ mk.ru-ն որոշել է գնալ այդ հայտարարությունների հետքերով։ Թղթակիցն այցելել է Նազարբաևի հայրենի գյուղ, նաև նրանց ընտանեկան գերեզմանատուն։
«Ղազախստանի առաջին նախագահը ողջ և առողջ հայրենի Շամալղան գյուղում եղել է հունվարի 2-ին, եկել է Ալմաթիից, այնտեղ եղել է նաև հունվարի 3-ին։ Հետո զրահապատ մեքենայով նա տեղափոխվել է Ղրղզստան, որտեղից էլ թռել է ԱՄԷ»,-թղթակցին պատմել են Նազարբաևի համագյուղացիները։
Գյուղն Ալմաթիից մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում, բայց տաքսիստներն այնտեղ խուսափում են գնալ։ Խոստովանում են՝ վախենում են։ Գյուղը բոլոր կողմերից պահպանվում է ուժայինների կողմից, և ինչ-որ կասկածելի շարժ, կարող են կրակ բացել։ Գյուղում ապրում են Նազարբաևի հարազատները՝ քույրը, եղբայրը։ Նրանց տները հատուկ վերահսկողության ներքո են վերցված։ Մոտենալ չի կարելի, լուսանկարվել՝ առավել ևս։
«Իսկ առաջին նախագահի ընտանեկան գերեզմանատունն, ըստ ղազախստանցիների պատմածների, առավել ուժեղ է պաշտպանված հետաքրքրասերներից, ինչպես նախկին նախագահի նստավայրը։ Այնտեղ շուրջօրյա զինված պահպանություն է իրականացվում»,- զգուշացրել են թղթակցին։
Շամալղան գյուղում չորս գերեզմանոց կա։ Նազարբաևների ընտանեկան թաղման վայրը գտնվում է լեռների ստորոտում։ Տեղը խուլ է, բայց բնապատկերն այստեղ բացիկի վրա պատկերված լուսանկար է հիշեցնում՝ սարեր, սոճիներ, ձիեր։ Այդտեղ են հուղարկավորված Նազաբաևի մայրը, հայրը, զարմիկները։
«Շրջակայքում մարդ չկա, ազատորեն կարելի է ներս մտնել»,-գրում է աղբյուրն ու նշում, որ գերեզմանատանը թարմ շիրիմ չկա։
Թղթակցի հետ զրույցում համագյուղացիները պնդել են՝ Նազարբաևը ողջ է, զուր են գերեզմանատանը նրան գտնելու փորձերը։
«Ոչ մի գաղտնի հուղարկավորություն չի եղել։ Նազարբաևների ընտանիքից վերջին անգամ հուղարկավորել են նրանց հարսին՝ Նուրսուլթանի եղբոր կնոջը։ Նա նույնպես գյուղում էր ապրում։ Թե ինչից մահացավ, հստակ չգիտեմ։ Միգուցե կորոնավիրուսից։ Համավարակի ընթացքում գյուղում շատ մահացողներ եղան»,-ասել է գյուղացիներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Ալմաթիում Նազարբաևից ոչինչ չի մնացել
- Նազարբաևի երկու փեսաները դադարել են գլխավորել ազգային ընկերությունները
- Նազարբարևը Նուր-Սուլթանում է
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան