Պեսկովը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ բոլոր կապերի խզումը
Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ, կարող են հանգեցնել երկու երկրների հարաբերությունների ամբողջական խզման: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։
«Այն մեր պատկերացումներից դուրս է: Հավանական է, որ նման պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջև ցանկացած հարաբերությունների խզման, ինչը չի բխի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից: Սա մեծ սխալ կլինի»,- ասել է նա:
Պեսկովը ամերիկյան վարչակազմին առաջարկել է հիշել, թե ե՞րբ են պատժամիջոցներն արդյունավետ եղել խնդիրների լուծման համար՝ ստիպելով մեկ այլ երկրի կատարել այն քայլերը, որոնք անհրաժեշտ էին Վաշինգտոնին։
«Նման բան երբեք չի եղել»,-ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը սովորել էր ԱՄՆ պատժամիջոցներին և փորձում էր դրանցից օգուտ քաղել՝ զարգացնելով սեփական արտադրությունը։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը չափազանց մեծ է և ինքնաբավ, որպեսզի խոցելի լինի ԱՄՆ պատժամիջոցներից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման շանսեր կան, սակայն, ըստ նրա՝ Վաշինգտոնը չպետք է անտեսի Ռուսաստանի անհանգստության պատճառները։