Ոչ պաշտոնական տեղեկատվության, Ալեն Սիմոնյանն ԱՄՆ պատվիրակությունում ներառել է նաև իր կնոջը. Արեգնազ Մանուկյան
«Ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից»,- ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմլբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հավելեց, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն Ալեն Սիմոնյանը ՔՊ ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմի որոշ աշխատողների հետ է մեկնել ԱՄՆ:
Պատգամավորը ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե որքանով են իրականությանը համապատասխանում Ալեն Սիմոնյանի ամերիկյան վոյաժներին վերաբերող իր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունները:
«Որքա՞ն գումար է Հայաստանի բյուջեից, այսինքն՝ հպարտ քաղաքացիների գրպանից ծախսվել այդ այցի համար»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը և տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ աշխատելու 4 ամիսների ընթացքում Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար՝ չհաշված միկոնոսյան շրջագայությունը:
«Տիկի՛ն Մանուկյան, ճիշտն ասած մի քիչ զարմանում եմ, որ նման հարցեր եք տալիս, դուք ԱԺ պատգամավոր եք և գիտեք, որ բոլոր ծախսերը թափանցիկ են՝ նաև գործուղումների ծախսերը»,-պատասխանեց ԱԺ նախագահի պաշժտոնակատար Հակոբ Արշակյանը:
Վերջինս հավաստիացրեց, որ որևէ գաղտնի գործուղում չկա, ծախսերը թափանցիկ են և ընդդիմադիր պատգամավորին խնդրեց չապակողմնորոշել հանրությանը նման բովանդակության հարցերով:
«Ձեր պատասխանն առնվազն ծիծաղելի ու դեմագոգիա է, երբ ասում եք, թե ծախսերը թափանցիկ են, քանի որ երբ ես հարցում եմ ուղարկել՝ հետաքրքրվելով, թե որքան գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի՝ վերանորոգվող կառավարական առանձնատան համար, ինձ ասել են, որ այդ ծախսերը գաղտնի են, այսինքն՝ թափանցիկ չեն»,- արձագանքեց Արեգնազ Մանուկյանը և հայտնեց, որ նույնը վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործուղումների ծախսերին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը դիմեց քաղաքացիներին և հիշեցրեց, որ գործող իշխանության ներկայացուցիչները մի պահ PR-ի և դեմագոգիայի շրջանակներում այլ երկրներ էին մեկնում էկոնոմ դասով և տեսարան ապահովելու շրջանակներում աշխատանքի էին գնում հեծանիվներով կամ մետրոյով:
«Հիմա իշխանությունները ձևականության մեջ չեն ընկնում և բյուջեի մեջ են մտնում հեղափոխական էնտուզիազմով»,- հայտարարեց Արեգնազ Մանուկյանը:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ երկու օր առաջ էկոնոմ դասով է հետ եկել Մոսկվայից:
«Ձեր ոճը, մեղմ ասած, լավը չէ, բայց լավ եղեք»,- եզրափակեց Ռուբինյանը: